Մատչելիության հղումներ

Abzas Media-ի շուրջ աղմուկը չմարած՝ Բաքուն հերթական անկախ լրագրողին է ձերբակալել


Ադրբեջան - Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը բանտից դուրս գալուց հետո, ապրիլ, 2018թ.
Ադրբեջան - Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը բանտից դուրս գալուց հետո, ապրիլ, 2018թ.

Բաքուն արևմտյան մի շարք երկրների՝ այդ թվում Միացյալ Նահանգներին, մեղադրում է ադրբեջանական լրատվամիջոցների ապօրինի ֆինանսավորման, երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Միացյալ Նահանգների և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանն այսօր Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել, որտեղ ադրբեջանցի պաշտոնյաները մեղադրանքներ են հնչեցրել Արևմուտքի հասցեին, նախատել և մի շարք մի շարք նախազգուշացումներ արել։

Դատելով Բաքվի հաղորդագրությունից՝ դիվանագիտական բողոքի պատճառն անցած շաբաթ Ադրբեջանում քրեական հետապնդումների թիրախում հայտնված երկրի եզակի անկախ լրատվամիջոցի՝ Abzas Media-ի շուրջ զարգացումներ են։

«Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչներն արևմտյան երկրների դիվանագետներին տեղեկացրել են, որ Abzas Media լրատվական կայքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել, իսկ վերը նշված պետությունների դեսպանատները ներքաշված են եղել այդ գործունեության մեջ, ինչի առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է իր դժգոհությունը», - ասված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում:

Նախագահ Իլհամ Ալիևի և նրա ենթակաների անվան հետ կապվող կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողների ձերբակալությունները արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ինչպես նաև իրավապաշտպան հեղինակավոր կառույցները քննադատել և կասկածի տակ են դրել նրանց վերագրվել հանցանքները։

Abzas Media-ի երեք լրագրողները մոտ չորսամսյա նախնական կալանքի են ենթարկվել արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով։ Լրագրողները կտրականապես հերքում են այդ մեղադրանքները և պնդում, որ ճաղերի ետևում են հայտնվել բացառապես իրենց հետաքննական գործունեության պատճառով։

Լրատվամիջոցի կալանավորված ղեկավար Ուլվի Հասանլին փաստաբանի հետ զրույցում, որը ձայնագրվել է և հրապարակվել, պատմել է, որ ոստիկանությունում իրեն հարցրել են՝ ինչո՞ւ Abzas Media-ն չի փառաբանում Բաքվի ռազմական հաջողությունները, չի գրում Լեռնային Ղարաբաղի մասին, փոխարենը կենտրոնանում է կոռուպցիայի վրա:

Abzas Media-ի շուրջ աղմուկը չմարած՝ այսօր ձերբակալվել է ևս մեկ անկախ լրատվամիջոցի ներկայացուցիչ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում չորրորդ ձերբակալված լրագրողը Kanal 13 առցանց հեռուստաընկերության ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Ազիզ Օրուջևն է։ Նա 2017 թվականին վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով, այս անգամ էլ կասկածվում է ապօրինի շինարարության մեջ։

Օրուջևին բերման ենթարկելու համար, ինչպես հայտարարել է նրա կինը, մի խումբ դիմակավորված ոստիկաններ առանց նախազգուշացնելու ներխուժել են իրենց բնակարան և խուզարկություններ իրականացրել «ամենուր»։

«Նրանք խուզարկություններ են իրականացրել ամենուր, նույնիսկ խոհանոցում՝ խոհանոցի դարակներում։ Տնից առգրավել են երկու համակարգիչ, Ազիզի չօգտագործվող հեռախոսը, ինչպես նաև որոշ փաստաթղթեր», - պատմել է Լամիյա Օրուջևան։

Խոսքի ազատության առումով աշխարհի ետնապահներից մեկը համարվող Ադրբեջանում գործող հատուկենտ անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումների հերթական այս ալիքին նախորդել էր երկրի գլխավոր քարոզչական խոսափողի՝ AzTV-ի հատուկ ռեպորտաժը, որով ըստ էության «ազդարարվեց » Ադրբեջանում ամերիկյան «լրտեսների ցանցի» դեմ պայքարի մեկնարկի մասին:

«Այժմ Ադրբեջանը, որպեսզի ամրապնդի իր հաջողությունները ռազմաճակատում, պետք է հաղթի ԱՄՆ-ի հակաադրբեջանական քաղաքականությանը, որի նպատակն է մուտք գործել Հարավային Կովկաս», - ասվում է Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ռեպորտաժում։

Ադրբեջանական իշխանական մեդիայում ակտիվորեն շրջանառվող այս թեզի ֆոնին անցած օրերին ԱՄՆ դեսպանատունը ստիպված եղավ հետաձգել ամերիկյան բուհերի ադրբեջանցի շրջանավարտների հետ Բաքվում նախատեսված հանդիպումը։ Կառավարությանը մոտ կանգնած Qafqazinfo-ն կայանալիք միջոցառումը ներկայացրել էր որպես հանդիպում «լրտեսական ցանցի» և մարդկանց հետ, «ովքեր հավաքագրվել են որպես ամերիկյան գործակալներ Միացյալ Նահանգներում ուսանելիս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG