Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում նոյեմբերի 26-ին մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 21-ը վիրավորվել, այդ թվում՝ պակիստանցի զինվորականներ։
Մահապարտ-ահաբեկիչը մեքենայով մխրճվել է Բաննուի շուկայի անվտանգության աշխատողների մեջ, «Ազատության» Radio Mashaal-ին հայտնել են ոստիկանության և հետախուզական գործակալության երկու պաշտոնյաներ՝ անանուն մնալու պայմանով, քանի որ իրենք լրատվամիջոցների հետ խոսելու իրավասություն չունեն։
Պաշտոնյաների խոսքով՝ մահացածը քաղաքացիական անձ է, իսկ վիրավորների թվում 13 զինվորական կա։ Նրանք որևէ այլ տեղեկություն չեն փոխանցել։
Ոչ ոք դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Անվտանգային իրավիճակը նահանգում վերջին ամիսներին վատթարացել է։ Անցյալ շաբաթ բազմաթիվ մահացու միջադեպեր են եղել, այդ թվում՝ նոյեմբերի 23-ին Հյուսիսային Վազիրիստանում անտառտնտեսության բաժնի աշխատակցի սպանությունը:
Դրանից մեկ օր առաջ ականի պայթյունից երկու զինվոր է զոհվել, իսկ մեկ ոստիկան զոհվել է Խայբեր Փախտունխվայի անցակետի վրա հարձակման հետևանքով։
Պակիստանի կառավարությունն ու երկրի բանակը հայտնում են, որ շարունակում են գործողությունները գրոհայինների դեմ։