Մատչելիության հղումներ

Թուրքիայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ


Ստորգետնյա ցնցումներ գրանցող սեյսմոգրաֆ, արխիվ
Ստորգետնյա ցնցումներ գրանցող սեյսմոգրաֆ, արխիվ

Թուրքիայի արևելյան շրջանում գտնվող Մալաթիայի նահանգում արձանագրվել է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը17:46-ին (Երևանի ժամանակով 18:46): Ըստ սեյսմիկ ծառայության տվյալների, երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 30 կիլոմետր հարավ-արևելք: Մալաթիա քաղաքում մոտ 440 հազար մարդ է բնակվում:

Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի արևելյան շատ շրջաններում: Այդ մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ Առաջին ցնցումից 3 րոպե անց գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրորդ ցնցումը:

Մալաթիայի նահանգապետ Էրսին Յաիչին ասել է, որ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չեն ստացվել։

«Մենք չունենք նման տվյալներ»,- ասել է նահանգապետը TRT Haber հեռուստակայանի ուղիղ եթերում:

Միաժամանակ նա կոչ է արել բնակիչներին չվերադառնալ տարածաշրջանում փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետևանքով վնասված տներ, քանի որ դրանք ապահով վիճակում չեն:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան, իր հերթին, հայտնել է, որ տեղում իշխանություններն աշխատանքներ են տանում՝ գնահատելու այսօրվա երկրաշարժերի հետևանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG