Ամերիկացի դերասան, կատակերգու և երգիչ, «Ռեյ» ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար «Օսկար» վաստակած Ջեյմի Ֆոքսը (Էրիկ Մարտոն Բիշոփ) մեղադրվում է սեռական ոտնձգությունների և ֆիզիկական վնաս հասցնելու համար:
Ըստ CNN հեռուստակայանի, համապատասխան հայցը ներկայացվել է Նյու Յորքի գերագույն դատարան: Հեռուստակայանը հղում է անում իր հայթայթած դատական փաստաթղթին:
Մեղադրանքը հնչեցրել է մի կին, որի անունը չի հաղորդվում: Նրա հայցում ասվում է, թե միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականին Նյու Յորքի Catch NYC ռեստորանում:
Կինը պնդում է, թե Ֆոքսն, իբր, «դիտավորյալ և առանց իր համաձայնության, ուժ գործադրելով և հարբած վիճակում, դիպել է իր մարմնի ինտիմ մասերին»:
Կինը հիմա փոխհատուցում է պահանջում «ֆիզիկական և էմոցիոնալ վնասի» համար, սակայն հնարավոր վճարման չափը չի հաղորդվում։
Ջեյմի Ֆոքսը լեգենդար երգիչ Ռեյ Չարլզի մասին ֆիլմում նկարահանվելուց բացի հայտնի է նաև Քվենտին Տարանտինոյի 2012-ին նկարահանած «Ջանգոն ազատված» (Django Unchained) ֆիլմում իր գլխավոր դերով:
Բացի այդ, նա մեծ ճանաչում է ստացել «Մենակատարը» (2009), «Օրենքը հարգող քաղաքացի» (2009), «Վալենտինի օրը» (2010), «Սպիտակ տան գրոհը» (2013) և մի շարք այլ ֆիլմերում նկարահանվելու համար: Ֆոքսը նաև «Գրեմմի» մրցանակի է արժանացել սոուլ, ռիթն-էնդ-բլյուզ և հիփ-հոփ ժանրերում կատարած երգերի համար: