Մատչելիության հղումներ

Իսրայելը պատրաստ է առնվազն 4 օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում


Գազան իսրայելական օդուժի հերթական հարվածներից հետո, 22-ը նոյեմբերի, 2023թ.
Գազան իսրայելական օդուժի հերթական հարվածներից հետո, 22-ը նոյեմբերի, 2023թ.

50 գերիների ազատ արձակման համաձայնությունից հետո Իսրայելի վարչապետը հայտարարեց, թե Իսրայելը պատրաստ է առնվազն չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Հրադադարի մեկնարկի ժամը կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։

ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը հոկտեմբերի 7-ից 240 մարդու է պատանդառել, նրանց մի մասին ազատ արձակելու որոշումը ձեռք է բերվել անցած գիշեր։ Արմատական խմբավորման քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկիի խոսքով՝ հիմնականում ազատ են արձակվելու օտարերկրյա քաղաքացիները:

Մինչ այդ, երեկ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել էր պատանդների հարազատների հետ և նորից պնդել, թե Իսրայելն ամբողջությամբ վերացնելու է «Համաս»-ին:

«Գազայի հատվածի հարավում ջախջախիչ հաղթանակի հասնելու համար մենք այսօր կենտրոնանում ենք հյուսիսում շատ ուժեղ և ակտիվ պաշտպանության վրա: Առաջին նպատակը «Համաս»-ի վերացումն է, կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակին չենք հասել։ Երկրորդ նպատակը առևանգվածների վերադարձն է, և մենք առաջընթաց ենք գրանցում: Չեմ կարծում, որ արժե շատ բան ասել նույնիսկ այս պահին, բայց հուսով եմ, որ շուտով լավ նորություններ կլինեն», - հայտարարել է Նեթանյահուն:

Այս հայտարարությունից հետո, գիշերը Իսրայելի կառավարությունը երկար ու բուռն քննարկումներից հետո հաստատել է «Համաս»-ի հետ գործարքի պայմանները, ըստ որի՝ ջիհադիստների կողմից առևանգված առնվազն 50 կանայք և երեխաներ կազատվեն չորս օրվա ընթացքում։ Հաջորդ փուլում, ըստ Իսրայելի վարչապետի, հրադադարը կարող է երկարաձգվել՝ յուրաքանչյուր 10 ազատ արձակված պատանդի դիմաց՝ հրադադարի ևս մեկ օր։ Միաժամանակ, Իսրայելը հրապարակեց 300 պաղեստինցիների ցուցակ, որոնք կարող են ազատ արձակվել Իսրայելի և «Համաս»-ի միջև կնքված գործարքի շրջանակում:

ԱՄՆ նախագահը ողջունել է հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը:

«Մենք շաբաթներ շարունակ ինտենսիվ աշխատում ենք դրա վրա, ինչպես բոլորդ գիտեք: Ես վերջերս այդ մասին խոսել եմ ինչպես վարչապետ Նեթանյահուի, այնպես էլ Կատարի էմիրի հետ։ Իմ թիմը եղել է տարածաշրջանում՝ շրջելով մայրաքաղաքների միջև: Մենք հիմա շատ մոտ ենք, շատ մոտ ենք և կարող ենք շատ շուտով պատանդներից մի քանիսին տուն բերել», - հայտարարել է Ջո Բայդենը:

Հրադադարի ընթացքում իսրայելական զորքերը կմնան Գազայի իրենց դիրքերում, իսկ գոտու հյուսիսային հատվածից փախած բնակիչները չեն կարողանա վերադառնալ։ Սակայն զինադադարի ընթացքում մարդասիրական օգնություն և վառելիք տեղափոխող բեռնատարները կկարողանան մտնել Գազա:

Մինչ այդ, իսրայելական բանակը հայտարարում է, թե արդեն մեկուկես ամիս շարունակվող ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զորքերը Գազայի հատվածում հայտնաբերել և ոչնչացրել են պաղեստինցիների կողմից փորված մոտ 400 թունելախորշեր:

Ըստ իսրայելական և արևմտյան հետախուզության տվյալների՝ անկլավը հագեցած է ամրացված ստորգետնյա թունելների ցանցով, որը հայտնի է որպես «Գազայի մետրո»: Դրանց ընդհանուր երկարությունը, տարբեր գնահատականներով, կազմում է 450-500 կմ, ինչը գերազանցում է Մոսկվայի կամ Լոնդոնի մետրոյի գծերի երկարությունը։ Այս թունելներից մի քանիսը բավական լայն են, անգամ մեքենա կարող է անցնել։

Իսրայելի Պաշտպանության բանակի տվյալներով՝ թունելների մուտքեր են հայտնաբերվել քաղաքացիական ենթակառուցվածքների բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների և այլ օբյեկտների տակ։

Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1200 իսրայելցի, որոնց ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, 240 մարդ պատանդ է վերցվել: «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի բանակի պատասխան գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 14 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Իսրայելը պատրաստ է առնվազն 4 օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00

XS
SM
MD
LG