Մատչելիության հղումներ

Գազայի հատվածի խաղաղ բնակիչները սովի վտանգի տակ են


Իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հերթական ռմբակոծությունը, 17-ը նոյեմբերի, 2023թ.
Իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հերթական ռմբակոծությունը, 17-ը նոյեմբերի, 2023թ.

Գազայի հատվածի խաղաղ բնակիչները սովի վտանգի տակ են, ահազանգում է Միացյալ Ազգերի Կազմակերպությունը։ Սնունդն ու ջուրը գործնականում անհասանելի են, երեկ արդեն անկլավում դադարեցվել են կապի բոլոր ծառայությունները։ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ Գազայում հաղորդակցության բացակայության պատճառով այսօր Եգիպտոսից մարդասիրական բեռների մատակարարումն անհնար է դարձել։

Այսօր Իսրայելի ու ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև պատերազմի 42-րդ օրն է։ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, թե ամբողջ գիշեր շարունակել է գործողությունը Գազայի հատվածում, իսկ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «ահաբեկիչների բազմաթիվ թիրախների»։ Ըստ Իսրայելի հետախուզության տվյալների՝ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել «Իսլամական ջիհադ» շարժման հյուսիսային շրջանի հրամանատարի հենակետը։

Գրոհի ընթացքում իսրայելցի զինվորները հայտնաբերել են նաև ծանր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ, նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Իսրայելական բանակը պնդում է նաև, որ զենքի պահեստ է հայտնաբերվել Գազայի ամենամեծ՝ «Ալ-Շիֆա» հիվանդանոցում. - «Քանի որ գիտեն, որ Իսրայելի Պաշտպանության բանակը չի հարձակվի, օդային ուժերը չեն հարձակվի հիվանդանոցի վրա, ուստի նրանք օգտագործում են հիվանդանոցը որպես կենդանի վահաններ»:

Իսրայելական բանակը հրապարակել է «հիվանդանոցների տակ գտնվող թունելների» պատկերները։

Մինչդեռ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է՝ Իսրայելի հրապարակված լուսանկարները, որոնք ենթադրաբար արվել են «Ալ-Շիֆա»-ում, բավարար հիմք չեն հիվանդանոցը պատերազմի օրենքներով պաշտպանված օբյեկտի կարգավիճակից զրկելու համար:

Իսրայելի իշխանություններն ամենօրյա ռեժիմով կրկնում են, թե անում են հնարավորը խաղաղ բնակչությանը չվնասելու համար։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի չլինի սպառնալիք խաղաղ բնակիչների համար, սակայն «Համաս»-ն ամեն ինչ անում է, որպեսզի նրանք հարձակման ենթարկվեն», - ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում։

Նեթանյահուն հիշեցրել է, որ որոշակի վայրի վրա հարձակումից առաջ իսրայելական բանակը թռուցիկներ է տարածում և հաղորդագրություններ ուղարկում՝ հորդորելով խաղաղ բնակիներին հեռանալ այդ տարածքից։ «Եվ շատերը հեռանում են», - նշել է Իսրայելի վարչապետը:

«Մենք կփորձենք ավարտին հասցնել այս աշխատանքը քաղաքացիական բնակչության նվազագույն զոհերով: Սա այն է, ինչ մենք փորձում ենք անել՝ նվազագույնի հասցնել քաղաքացիական զոհերը: Բայց, ցավոք, դա մեզ չի հաջողվում», - ասել է Նեթանյահուն:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքով՝ շարունակվող ռազմական գործողությունն իրականացվում է «ճշգրիտ, ընտրողաբար, բայց շատ վճռական»: Նրա պնդմամբ՝ իսրայելական բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Գազա քաղաքի արևմտյան հատվածը և «մաքրել տարածքը «Համաս»-ի ծայրահեղականներից»։

Բայց թե երբ կվերջանա «Համաս»-ի դեմ պատերազմը, Իսրայելը չի հստակեցնում։

Մինչ այդ, Ռուսաստանում Իսրայելի դեսպանը հաստատել է՝ «Համաս»-ը դադարեցրել է պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները։

«Որքանով ես գիտեմ, մենք հիմա բանակցություններ չունենք, «Համաս»-ը դադարեցրել է դրանք սեփական նախաձեռնությամբ», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ Իսրայելը պնդում է բոլոր պատանդների ազատ արձակումը և ճիշտ չի համարում նրանց խմբերով ազատ արձակելը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Համաս»-ի զինյալները պատրաստ են ազատ արձակել իրենց ձեռքում գտնվող կանանց ու երեխաներին։ Փոխարենը՝ ծայրահեղական խմբավորումը պահանջել է ազատ արձակել իր բանտարկյալներին, վառելանյութ և հավելյալ մարդասիրական օգնություն:

Ավելի վաղ պաղեստինցի պաշտոնյաները Reuters-ին հայտնել էին, որ բանակցությունները դադարեցվել են «Ալ-Շիֆա» հիվանդանոցի վրա Իսրայելի ռազմական հարձակումից հետո:

Իսրայելը դեռ պաշտոնական համաձայնություն չի տվել նույնիսկ անուղղակի բանակցություններին, որոնք, այնուամենայնիվ, տեղի են ունեցել Կատարում։

XS
SM
MD
LG