Մատչելիության հղումներ

Պատերազմը շարունակվում է, բայց կողմերը մոտալուտ հրադադարի հույս են հայտնում


Գազայի պաղեստինցիները հուղարկավորում են զոհերին, 21-ը նոյեմբերի, 2023թ.
Գազայի պաղեստինցիները հուղարկավորում են զոհերին, 21-ը նոյեմբերի, 2023թ.

Թիրախն ահաբեկիչների թունելներն են

Գազայում պատերազմի 46-րդ օրը բացվել է անկլավի երկնքում սլացող իսրայելական մարտական օդանավերի ոռնոցով և դրանց արձակած հրթիռների ու ռումբերի որոտով: Իսրայելցիների թիրախում «Համաս»-ի դիրքերն են:

Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի զինյալները թաքնվում են ստորգետնյա թունելներում, որոնք, ըստ իսրայելցիների, փորված են այդ թվում քաղաքացիական շինությունների՝ հիվանդանոցների և դպրոցների տակ, և դրանց ոչնչացումն անխուսափելիորեն խաղաղ բնակչության շրջանում մարդկային մեծ կորուստների պատճառ է դառնում:

Ցերեկն արդեն հետևակն ու հրասայլերն են սկսել օպերացիան: Գազայի տեղական իշխանությունը պատկանում է «Համաս»-ի ահաբեկիչներին:

Նրանց պաշտոնյաների պնդմամբ, հոկտեմբերի 7-ին մեկնարկած պատերազմի ընթացքում նոյեմբերի 20-ի դրությամբ Գազայում սպանվել է առնվազն 13 հազար 300 պաղեստինցի, այդ թվում՝ 5 հազար 600 երեխաներ և 3 հազար 550 կանայք: Անկախ աղբյուրները չեն կարող ընթացող պատերազմի պայմաններում պարզել այդ տվյալների արժանահավատությունը, բայց բոլոր դեպքերում պատկերը դժոխային է:

«Ի՞նչ մեղք ունեին այս երեխաները»

Գազայի հատվածի նույնանուն քաղաքական կենտրոնից ոչ հեռու գտնվող Խան Յունիս ավանում անցած գիշեր իսրայելցիների օդային հարվածից 7 բնակիչ է զոհվել: Հարվածը վերապրած Հունիս Աբդ ալ-Հադիի պատմածը սահմռկեցուցիչ է:

«Պատերին, փողոցներում՝ մարդու մարմնի մսի կտորներ, արյուն, ի՞նչ մեղք ունեին այդ երեխաները, Իսրայել, գալիս ես մարդու միս վառելո՞ւ, երեխաներին ես այրել, տներից բան չի մնացել, սա են տեսնում երեխաները, նրանք ի՞նչ պիտի ասեն», - հարց է տալիս Յունիս Աբդ ալ-Հադին:

Հերթական թիրախը Ջաբալիայի փախստականների ճամբարն է, մարդիկ իրենց ազգականներին փլատակներում են որոնում: Այստեղից վիրավոր երեխաներին, դեռահասներին և չափահասներին հասցրել են Քամալ Էդվանի հիվանդանոց:

«Մեր տները քանդել են, մեզ կոտորում են, մենք կարծում էինք այնտեղ ապահով է, նրանք սպանում են մեզ», - ասում է հուսահատված պաղեստինուհին:

Իսրայելցիները կառավարությունից պահանջում են ապահովել պատանդների վերադարձը

Իսրայելցիների շրջանում «Համաս»-ի հարձակումների հետևանքով սպանվել է 1200 մարդ: Կան վիրավորներ և առնվազն 240 պատանդներ: Հենց դա է հիմա իսրայելցիների համար ամենացավոտ հարցերից մեկը:

Պատանդների ազգականների մի պատվիրակություն երեկ երեկոյան հանդիպել է կառավարության պաշտոնյաների հետ և խիստ հիասթափված է դուրս եկել նստավայրից:

«Ես իմ ընտանիքն եմ ներկայացնում, շատ եմ հիասթափված, մենք անվերջ լսում ենք, թե «Համաս»-ի ոչնչացումը կտևի ամիսներ, գուցե տարիներ, երկար կտևի, բայց, մյուս կողմից, ժամանակը սուղ է, մարդիկ են սպանվում, մենք հիմա մարդկային կյանքերի մասին ենք խոսում, դա պետք է լինի առաջնահերթությունը բոլորիս համար»,- ասել է պատանդներից մեկի ազգական Ուդի Գորենը:

Առաջիկայում գուցե գործարքը համաձայնեցվի

Իսրայելցիները և «Համաս»-ի ներկայացուցիչները միջնորդների օգնությամբ փորձում են համաձայնեցնել հրադադարը, որի պայմաններից մեկը պետք է լինի պատանդների գոնե մի մասի ազատումը:

Լուրը՝ չմանրամասնելով, նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն է հաստատել: Իսկ «Համաս»-ի լիդերներից Իսմայիլ Հանիան էլ Reuters-ի թղթակցին ասել է, թե «կողմերը մոտ են համաձայնության»:

Al Jazeera արաբական հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում «Համաս»-ի քաղբյուրոյի անդամ Էզաթ ալ-Ռեշիքը հայտնել է, թե ըստ հնարավոր գործարքի՝ Իսրայելն ազատություն կտա պաղեստինցի կանանց ու երեխաներին, իսկ «Համաս»-ն էլ կազատի պատանդառված իսրայելցի կանանց և երեխաներին:

Կատարցի միջնորդները հուսով են, որ հրադադարը կգործի գոնե հինգ օր, ինչը կընձեռի Գազայի հատված դեղորայք, պարեն, ջուր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ հասցնելու և ծանր վիճակում գտնվող վիրավորներին դուրս հանելու հնարավորություն: Քննարկվում է նաև իսրայելյան բանտերում պահվող մոտ 300 պաղեստինցի կալանավորներին ազատելու հարցը:

«Հուսով եմ, որ առաջիկայում լավ լուր կստանանք»

Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինծառայողների հետ հանդիման ժամանակ խոսել է ընդհանուր իրավիճակի մասին և հպանցիկ անդրադարձել է պատանդների հարցին:

«Մենք հիմա շատ հզոր և ակտիվ պաշտպանություն ենք ապահովում հյուսիսում և հասնում ենք լիակատար հաղթանակի հարավում: Թիվ մեկ նպատակը «Համաս»-ի ջախջախումն է, կանգ չենք առնի, մինչև դա չանենք: Երկրորդը՝ պատանդների վերադարձն է, այս հարցում կա առաջխաղացում, պետք չէ դրա մասին մանրամասն խոսել այս պահին, բայց հուսով եմ, որ առաջիկայում լավ լուր կստանանք», - ասել է Նեթանյահուն:

Պատերազմը շարունակվում է, բայց կողմերը մոտալուտ հրադադարի հույս են հայտնում
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG