Նոյեմբերի 18-ին «խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով» ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Ուելսի՝ 15 և Նոր Գվինեայի 1 քաղաքացի, հաղորդում է Ոստիկանությունը պարզաբանելով Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպը։
Ըստ ոստիկանության՝ ևս 16 անձ «ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով» ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել։
Ոստիկանությունից մանրամասնում են՝ «Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում»:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շաբաթ օրը Հայաստան-Ուելս խաղից հետո BBC-ն, վկայակոչելով Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW), հաղորդեց, որ Հայաստանում Ուելսի 32 երկրպագու է ձերբակալվել։
Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։