Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ կառավարությունը ընդամենը մեկ տարի սուբսիդավորեց աշնանացանը


Ինչո՞ւ կառավարությունը ընդամենը մեկ տարի սուբսիդավորեց աշնանացան ցորենի ցանքսը և դադարեցրեց ծրագիրը․ գործադիրն այն արդյունավետ չի համարում, թեև շահառու գյուղացիները գոհ էին։

Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» գրավոր պարզաբանել են՝ թեև պետական ծրագիրը նպաստել է բերքատվության աճին և ցանքատարածքների ավելացմանը, սակայն ստացված բերքի քանակը դրամային արտահայտությամբ կազմում է գրեթե նույնքան, որքան տրամադրված պետական աջակցությունը։

Արդյո՞ք սրա պատճառը ցորենի այս տարվա աննախադեպ գնանկումն է, գերատեսչությունը չի մանրամասնել։

Նախարարությունից նաև ընդգծել են. - «Հայաստանում ցորենի մեծ մասը պարենի նպատակով չի օգտագործվում՝ պրոտեինի քանակի ցածր լինելու պատճառով, այն հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր»։

Սուբսիդավորման արդյունքում Շիրակի մարզում, օրինակ, ցորենի ցանքատարածություններն աճել էին մոտ 5 հազար հեկտարով։ Կախված սերմացուի տեսակից՝ ֆերմերը այս ծրագրով մեկ հեկտարի դիմաց 120 հազար կամ 70 հազար դրամ էր ստանում պետությունից։

«Մենք անասնակերով չենք սնվում»․ ֆերմերները չեն ընդունում նախարարության հիմնավորումը

Շիրակից ֆերմերները չեն ընդունում նախարարության հիմնավորումը, որ ստացված ցորենը հիմնականում որպես անասնակեր է օգտագործվում։ Երկար տարիներ գյուղատնտեսությամբ զբաղվող Վարդան Իկիլիկյանը պնդում է՝ իրենց ցորենի 70 տոկոսը ալյուր է դառնում։

«Համեմատաբար խոնավ տարիներին հացահատիկի մեջ չոր նյութերի պարունակությունը քիչ է լինում, այսինքն՝ այդ նույն պրոտեինը, սպիտակուցները, սոսնձանյութը ավելի քիչ են լինում, չնայած էն աստիճանի քիչ չի լինում, որ ընդհանրապես որակ չի ապահովում կամ կարելի է որակավորել որպես անասնակեր։ Ես շատ վիրավորված եմ էդ մտքից, մենք էդ ցորենը աղում ենք, ալյուր ենք դարձնում, սնվում ենք դրանով։ Մենք անասնակերով չենք սնվում, մենք սնվում ենք մաքուր մեր տեղական ցորենով, թող հետևություն անեն էդ արտահայտություն անողները», - ասաց Իկիլիկյանը։

Ըստ ֆերմերի՝ ցորենը որպես անասնակեր մի պարագայում կարող է օգտագործվել, եթե ավելի էժան է, քան անասնակերի համար նախատեսված գարին։ Իսկ հիմա հենց այդպես է։

«Գնային քաղաքականությունից ելնելով նպատակահարմար են գտնում, որ ով անասուն ունի ավելի լավ է աղալ, տալ անասունին, քան թե 70 դրամով վաճառել և արդյունք չստանալ», - ասաց Իկիլիկյանը։

«Գյուղացուն հարցրեք՝ ո՞վ գիտե՝ ի՞նչ է պրոտեինը»

Ազատանցի Երվանդ Խեչեբաբյանը ևս տարակուսած է Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումից։

«Ինչպե՞ս կարելի է էդպես մտածել, կամ գյուղացին ինչ գիտե դրա պրոտեինը ցա՞ծր է, ո՞վ տարավ լաբորատորիա, ստուգեց, եկավ մարդուն ստիպեց, թե՝ «չէ, դու պիտի անասնակեր օգտագործես ցորենդ, չի վաճառվի», էդպիսի բան չկա։ Կամ գյուղացուն հարցրեք՝ ո՞վ գիտի՝ ի՞նչ է պրոտեինը, հեչ մեկն էլ չգիտի։ Էն մարդը արտադրելու, վաճառելու տերն է», - ասաց Խեչեբաբյանը։

Մասնագիտությամբ գյուղատնտես Իկիլիկյանից հետաքրքվեցինք, թե որքան պետք է լինի պրոտեինի պարունակությունը ցորենի մեջ և այն ինչ նշանակություն ունի, նա պատասխանեց․ - «Պրոտեինի և սոսնձանյութի բարձր քանակությունը տալիս է հացաթխման որակի բարձրացում»։

Շիրակում արդեն շատ գյուղացիներ ցորեն չեն ցանել

Սուբսիդավորման դադարեցման պատճառով Շիրակում արդեն շատ գյուղացիներ ցորեն չեն ցանել։ Իկիլիկյանը պնդում է, թե պարենային անվտանգության խնդիր կարող է առաջանալ, եթե շարունակվի այս մոտեցումը։

Հայաստանը հացահատիկի առումով ինքնաբավ երկիր չէ, նախորդ տարվա տվյալներով՝ ներմուծվում է անհրաժեշտ ցորենի մոտ երեք քառորդը՝ գերակշիռ մասը Ռուսաստանից։

Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, թե ավելի խորը ուսումնասիրություն են կատարում՝ իրականացվող պետական ներդրումների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Նոր ծրագրի մասին, սակայն, դեռ չի հայտարարվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG