Մատչելիության հղումներ

«Թանկ արտադրում ենք, էժան վաճառում ենք». շիրակցի հողագործ


«Հացահատիկի գործարքի» տապալումից հետո միջազգային շուկայում ցորենի թանկացման ֆոնին Հայաստանում կտրուկ գնանկում է նկատվել։ Մեկ կիլոգրամի արժեքը 70-90 դրամ է, իսկ սա կրկնակի էժան է նախորդ տարվանից։

Ո՞րն է պատճառը. ցորեն ներկրող գործարար Հունան Պետրոսյանը գնանկման 3 հիմնական գործոն է թվարկում. - «Հայտնի պատճառներով Ռուսաստանի Դաշնությունում ցորենի արժեքը իջել է, ցածրացել են նաև լոգիստիկ ծառայությունները, նաև ռուսական ռուբլու կուրսն է ցածրացել։ Էս երեք հանգամանքը գումարվում է... այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունից բավականին էժան ցորեն է ներմուծվում։ Հիմնական պատճառը սա է»։

Մեղրաշենցի գործարարն ասում է՝ ռուսական ցորենն այսօրվա փոխարժեքով վաճառվում է 40-45 դրամով. - «10 ռուբլու սահմաններում է՝ կախված տարածաշրջանից, մի քիչ ավել մի քիչ պակաս»։

Այս տարի կրկնակի նվազել են նաև լոգիստիկ ծառայությունների գները։ Սա ևս, Պետրոսյանի գնահատմամբ, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներով է պայմանավորված։ Եվրոպական երկրները նվազեցրել են ներմուծումը Ռուսաստանից, իսկ բեռնափոխադրողները մնացել են ԵԱՏՄ-ի համեմատաբար փոքր շուկային հույսին։ Հունան Պետրոսյանի կարծիքով, եթե այս իրավիճակում կառավարությունը քայլեր չձեռնարկի, գյուղացին նորից կսկսի քիչ ցորեն ցանել։ Բայց եթե համաշխարհային իրավիճակը փոխվի ու էժան ցորենի ներմուծումը կրճատվի, դա, ըստ նրա, Հայաստանում լուրջ խնդիրներ կառաջացնի. - «Սա է մտավախությունը, որ շատ հնարավոր է, եթե սա տևի մեկ-երկու տարի, մարդիկ սկսեն չցանել, այլ եկամտի աղբյուրներ փնտրել։ Հետո երբ խնդիր առաջանա, էս ճեղքվածքը բավականին դժվար կլինի փակել։ Մենք դրա նախադեպը ունեցել ենք։ Եթե հիշում եք, Վրաստանում մի թեթև պատերազմի նման բան էղավ Ռուսաստանի հետ, ցորենի ներմուծումը կարճ ժամանակահատվածով ընդհատվեց, արդեն խնդիր էր առաջացել։ Էնպես որ, սա ստրատեգիական նշանակության արտադրություն է, և պետք է պետության ուշադրության ներքո լինի»։

Մեղաշենում շատերը դեռ նախորդ տարվանից ամբարած ցորեն ունեն։ Գառնիկ Մարզեցյանը 50 տոննա հացահատիկը չի կարողանում իրացնել։ Հիմա էլ նորն է քաղելու՝ շուրջ 90 տոննա:

Մեկ հեկտարի մշակման համար 250 հազար դրամ եմ ծախսել, հիմա 80 դրամով ինչպե՞ս մթերեմ, հարցնում է. - «Թանկ արտադրում ենք, էժան վաճառում ենք»։

Ասաց, որ 70-80 դրամով ոչ մի դեպքում չի վաճառի. - «Չեմ տա։ Էսիկ փտի, վառի՝ թափեմ ու չեմ տա... 80 դրամի տվեցի, մի տոննան 80 հազար։ Մի տոննան արտադրելու համար ինչքա՞ն եմ տվել ես։ 350-300 հազար ծախսն է ըլնում հեկտարի։ Հեկտարից պիտի միջին բերք 30 ցենտներ հանես, որ զրոյի կանգնես»։

69-ամյա գյուղատնտեսն ասում է՝ այս գնով իրացնելը ձեռնտու չէ, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի. - «Պետությունը ինչ-որ ունի Հայաստանում, էս մնացած ցորենները ընդունի որոշ նորմալ գնով, նոր ընդից շատ թող բերե»։

Մեղաշենի գյուղամիջում հավաքված տղամարդկանց զրույցի հիմնական թեման էլ էր ցորենի գնանկումը։ Ասում էին՝ Ռուսաստանն ու Ուկրաինան են պատերազմում, բայց իրենք էլ են դրանից տուժում։ Նույնիսկ 3-4 հեկտար հող մշակողներն են մտածում այն կրճատելու մասին։

Իսկ անցած տարի ցորենի արտադրությունը խթանելու համար կառավարությունը մեկ հեկտարի համար 70 և 120 հազար դրամ սուբսիդավորում հատկացրեց։ Շիրակի մարզում, օրինակ, այս տարի շուրջ 5000 հեկտար ավելի հացահատիկ են մշակել։

Հայաստանը հացահատիկի պաշարով ինքնաբավ երկիր չէ, 500 հազար տոննա տարեկան պահանջարկի զգալի մասը՝ մոտ 70 տոկոսը ներմուծում է Ռուսաստանից։

XS
SM
MD
LG