Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում գյուղացիները դժգոհում են՝ ապահովագրական ընկերությունները կրած վնասին համարժեք փոխհատուցում չեն տրամադրում


Շիրակի մարզում այս տարի 5000 հեկտար ցանքատարածություն է տուժել կարկուտից։ Մեղրաշենը տուժած համայնքների շարքում է, այստեղ գյուղացիները դժգոհում են, թե ապահովագրական ընկերությունները կրած վնասին համարժեք փոխհատուցում չեն տրամադրում։

Հարություն Հարությունյանը պնդում էր նաև, թե «Սիլ» ընկերությունը պայմանագրով սահմանված 10 աշխատանքային օրվա ժամկետն է խախտել։

«24 օր անցավ, նոր եկավ, էդ ուշանալն ի վնաս մեզ աշխատեց, ի օգուտ՝ իրենց, որովհետև արդեն էդ թափած հատիկի կեսը թռչունները կերան, կեսը մկները տարան, քամին, անձրևը խփեց, անցավ հողի տակ: Հաշվի չառան, որ ես էդ արտն ապահովագրել եմ, 0 հաշվին, ու ես չստացա ոչ մի կոպեկ: Մյուս արտերը ես նայել եմ 60-70 տոկոս, արտ կա 80 տոկոս ա վնասը, 20 տոկոս, 23 տոկոս, 25 տոկոս են ասում: Խոսում ես, վախենում ես: Էդ իմ 5 հա հաշվարկել ա, հիմա 250 հազար դրամ փող պետք ա ստանամ, եթե ստանամ էլ Աստված գիտի, երբ պիտի ստանամ: Եթե նորմալ իմ հաշվարկով լիներ, 1,5 միլիոն գումար էս ստացվում», - ներկայացրեց Հարությունյանը:

Աշոտ Բարսեղյանը ավելի կոշտ է արտահայտվում, ասում է՝ ապահովագրական ընկերությունները գյուղացուն պարզապես խաբում են. - «Իրանք մեզ խաբում են, ինչ որ վնաս եմ կրել, էդ վնասը ռեալ չեն որոշում, ասում են՝ չեք կրել էդքան վնաս»:

«Սիլ» ընկերությունից հակադարձում են

«Սիլ» ապահովագրական ընկերության վնասի գնահատման փորձագետ Հայկուհի Նազարյանը հակադարձում է՝ ժամկետի խախտում չի եղել՝ սահմանված սպասման ժամկետ կա, որի շրջանակներում է իրականացվել գնահատումը։ Հերքում է նաև, թե փոխհատուցումը քիչ են հաշվարկել։

«Կոնկրետ այդ գյուղում գնահատվել են լիարժեք բոլոր արտերը, ըստ մեթոդաբանության, ըստ կարգի, սահմանված ժամկետներում: Կոնկրետ այս հաճախորդների մասով, ովքեր բողոքում են, եղել են արտեր, որոնք մերժվել են, քանի որ դրանք ընդհանրապես մշակված չեն եղել», - ասաց Նազարյանը:

Ինչո՞ւ չեն համընկնում գյուղացիների ու ապահովագրական ընկերությունների հաշվարկները. - «Իրենք հաշվում են իրենց վաճառքի ենթակա ցորենի արժեքով, որի հետ ընդհանրապես ապահովագրականը կապ չունի: Հստակ սահմանված է պայմանագրով հեկտարի համար մինչև ոռոգվող արտերի 760 հազար, չոռոգվողին՝ 660 հազար: Այսինքն հեկտարի համար այդ գումարի շրջանակներում կատարվում է հատուցումը՝ կապված քանի տոկոսի վնաս է հասցվել բերքին»:

«Սիլ»-ի ներկայացուցչի փոխանցմամբ՝ գյուղատնտեսական ապահովագրությունն իրականացվում է ոչ թե ստացվող բերքի եկամտի վնասի հաշվարկով, այլ թե մինչ վնասը կրելը ինչ ծախսեր է իրականցրել գյուղացին հողատարածքը մշակելու համար։ Ապահովագրվում են արտադրական ծախսերը՝ վար ու ցանքը, աշխատուժի, տեխնիկայի, թունաքիմիկատների համար ծախսած գումարը, եթե հացահատիկի պարագայում բերքը տուժում է կարկուտից, հրդեհից ու երաշտից։

«Եթե հաճախորդը չի կատարել տվյալ մշակությունները, ուղղակի ցանել է և վերջ, չի կարող ապահովագրականը փոխհատուցել նման արտերին: Այսինքն՝ ապահովագրությունն իրենից ենթադրում է ծախսերի, վնասի վերականգնում, ոչ թե եկամուտ հաճախորդին, որը շատ ժամանակ ակնկալում են հաճախորդները, դրա համար թյուր կարծիք է ձևավորվում», - ասաց Նազարյանը:

«Անհամաձայնության դեպքում, գյուղացիները կարող են դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի»

Մեկ հեկտարի համար ապահովագրական վճարը տարբեր է, ասում է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանը։ 50-60 տոկոսը պետություն է փոխհատուցում, մնացած մասը գյուղացին է վճարում։

«Օրինակ՝ աշնանացան ցորենի պարագայում գյուղացիական տնտեսությունը կարող է վճարել 7-13 հազար դրամի սահմաններում գումար», - նշեց Համայակյանը:

Մեղրաշենցիներն առաջարկում են, որ վնասը գնահատողների հետ նաև մարզպետարանից կամ խոշորացված համայնքապետարանից գյուղատնտեսներ մասնակցեն, որպեսզի գյուղացու շահերը պաշտպանեն։ Մարզպետրանից փոխանցեցին, որ իրենք վերահսկելու իրավասություն չունեն, իսկ դժգոհ գյուղացիները կարող են բողոքարկել. - «Գնահատման հետ գյուղացիների անհամաձայնության դեպքում կա օրենքով սահմանված կարգ, կարող են դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ»:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակից «Ազատությանը» բողոքարկողների ստույգ թիվ չտրամադրեցին, միայն նշեցին, որ դիմողների թիվը շատ մեծ չէ։

Շիրակի մարզի 50 հազար մշակովի հողատարածքներից 3650 հեկտարն է այս տարի ապահովագրվել, այսինքն, շուրջ 8 տոկոսը։ Շիրակցի գյուղատնտեսները հիմնականում ցորենն ու կարտոֆիլն են ապահովագրում։ Անցած տարի, երբ սկսեց գործել այս համակարգը, մարզից 199 փոխհատուցման դիմում է եղել, ապահովագրական ընկերությունները 39 մլն դրամի փոխհատուցում են տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG