Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական դուման, այսօր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է 2024 թվականի դաշնային բյուջեի նախագիծը, ինչպես նաև 2025-2026 թվականների ժամանակաշրջանի բյուջեի պլանավորումը:
Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականին պետական բյուջեի եկամուտները կկազմեն 35 տրիլիոն ռուբլի, 2025 թվականին՝ 33.5 և տրիլիոն, 2026 թվականին՝ 34 տրիլիոն 10 միլիարդ ռուբլի։
Բյուջեն նախատեսում է ռազմական հսկայական ծախսեր, որոնք ռեկորդային են Ռուսաստանի արդի պատմության համար:
Ինչպես նշվում է բացատրական գրությունում, 2024 թվականին «Ազգային պաշտպանություն» հոդվածին կհատկացվի բյուջեի 29.4 տոկոսը՝ մոտ 10 տրիլիոն 800 միլիարդ ռուբլի։
Այս հոդվածով ֆինանսավորվելու են ոչ միայն բանակը, այլև ռազմական արդյունաբերությունը և սոցիալական վճարումները մարտական գործողությունների մասնակիցներին։
2023 թվականի բյուջեում ռազմական ծախսերի համար հատկացվել է 6 տրիլիոն 400 միլիարդ ռուբլի: Փաստորեն, խոսքը ռազմական բյուջեն ավելի քան մեկուկես անգամ ավելացնելու մասին է։
Ընդհանուր առմամբ, ռազմական ծախսերը կկազմեն Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 6 տոկոսը: Դա ամբողջ աշխարհում ամենաբարձր թվերից մեկն է:
Սոցիալական քաղաքականության համար նախատեսվում է տրամադրել 7 տրիլիոն 700 միլիարդ ռուբլի՝ դա ընդհանուր բյուջեի 21.1 տոկոսն է: