Մատչելիության հղումներ

Պղնձամոլիբդենային կոմբինատի խոշոր բաժնետերը՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ. ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրի բնականոն աշխատանքների խաթարման վերաբերյալ Տարածքային կառավարման նախարարությունը գրավոր տեղեկություն չի ստացել, «Ազատությանը» հայտնել են գերատեսչութունից։ «Ազատությունը» հետաքրքրվել էր, թե ԱՄՆ պատժամիջոցները հանքավայրի ամենախոշոր բաժնետեր Գլեբ Տրոցենկոյի և իրեն պատկանող ռուսաստանյան մի շարք ընկերությունների նկատմամբ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի աշխատանքի վրա:


Ամերիկայի Միացյալ Նահանգները 2023-ի նոյեմբերի սկզբին հայտարարեց պատժամիջոցների մասին, որոնք թիրախավորում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից համարվող Տրոցենկոների անձնական կարողությունները, ունեցվածքն ու ներդրումային մեխանիզմները: Այդ պատժամիջոցների տակ են հայտնվել ոչ միայն Տրոցենկոներին պատկանող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ AEON corporation-ը, այլև, Forbes-ի տվյալներով, 2.5 միլիարդ կարողություն ունեցող Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն:

Թե Գլեբ Տրոցենկոն, թե AEON corporation-ը առնչվում են Հայաստանի հետ: Ըստ պետռեգիստրի՝ Գլեբ Տրոցենկոն տիրապետում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ամենախոշոր՝ ավելի քան 40 տոկոս մասնաբաժինը: Հենց Տրոցենկոների կողմից «Զանգեզուրի» բաժնեմասերի մեծ մասը ձեռք բերելու և դրանց մի մասը Հայաստանին փոխանցելու շնորհիվ 2021 թվականից նաևՀայաստանի կառավարությունն է կոմբինատի բաժնետեր դարձել և այժմ տիրապետում է կոմբինատի ավելի քան 20 տոկոս բաժնեմասերը:

«Գեպրոմայնինգ»-ն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամերիկյան պատժամիջոցների ցանկում անվանապես ներառված չեն, բայց կոմբինատի ամենախոշոր բաժնետիրոջից բացի, ներառված են նաև Aeon corporation ներդրումային հոլդինգը և դրա մաս կազմող տարբեր ընկերություններ:

Aeon կորպորացիան միավորում է տարբեր ոլորտների խոշոր ընկերություններ, զբաղվում է կառուցապատմամբ, ներդրումներով, օդանավակայանների և նավահանգիստների շինարարությամբ, ազոտական պարարտանյութի խոշորագույն արտադրողներից է, ըստ Forbes-ի տվյալների՝ կորպորացիան նաև «Գեոպրոմայնինգի» վերահսկիչ փաթեթին է տիրապետում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի էջում տեղադրված բաց փաստաթղթերում ևս նշված է, որ Հայաստանում հանքարդյունահանում իրականացնող «Գեոպորմայնինգ» ընկերությունը AEON corporation-ի խոշոր նախագծերից մեկն է: Իսկ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանի տարբեր հատվածներում ոսկու, պղնձի և մոլիբդենի արդյունահանմամբ է զբաղվում: Նրան են պատկանում Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ «Գերոպրոմայնինգի» հիմնադրած «Արդյունաբերական ընկերություն»-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խոշոր բաժնետերն է:

«Գեոպրոմայնինգ» ընկերությունից «Ազատությանը» հայտնեցին, որ պատժամիջոցների թեման իրենք չեն մեկնաբանում:

Եթե պատժամիջոցները կիրառվեն, Հայաստանի պարագայում սա բավականին լուրջ խնդիրներ կառաջացնի. տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ դժվար թե պատժամիջոցները տարածվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա։

«Քիչ հավանական է, որ նրանք կկիրառեն, սակայն եթե կիրառվի, Հայաստանի պարագայում սա բավականին լուրջ խնդիրներ կառաջացնի հարկային եկամուտների մասով, արտահանման մասով, արտարժույթը Հայաստանի փոխադրման, ինչպես նաև աշխատատեղեր, այս գործարանում աշխատում են հազարավոր աշխատողներ, և այս գործարանին մատակարարվող ընկերություններում նույնպես հազարավոր աշխատողներ են աշխատում։ Այս գործարանը համակարգաստեղծ գործարան է», - ասաց նա։


Սակայն այն, որ կոմբինատի խոշոր բաժնետեր Գլեբ Տրոցենկոն և կոմբինատի հետ կապվող ընկերություններն ամեն դեպքում ցուցակում են, հնարավորություն թողնում է՝ ցանկության դեպքում կոմբինատը ևս այդ ցանկում ընդգրկելու։

«Եթե քաղաքական անհրաժեշտություն լինի, նրանք կարող են դա ցույց տալ, որ «Զանգեզուրը» պատկանում է այդ ընկերությանը, հետևաբար «Զանգեզուրի» նկատմամբ էլ կարող են կիրառել, եթե հստակ անուն նշված չէ, ուրեմն կարող են չկիրառել։ Իրենց համար քաղաքական ճկունության տեղ են թողնում, սողանցք», - նշեց տնտեսագետը։

2021 թվականին «Գեոպրոմայնինգի» տնօրենների խորհրդի նախագահը դեռ միլիարդատեր Ռոման Տրոցենկոն էր՝ պատժամիջոցների տակ հայտնված Գլեբ Տրոցենկոյի հայրը, հետագայում նա իր ողջ բաժնեմասը փոխանցեց որդուն: Երկու տարի առաջ գործարքի ժամանակ Ռոման Տրոցենկոն Հայաստանում էր։ Հանրայինին տված հարցազրույցում հայտարարում էր, որ կառավարությունը նվիրաբերված բաժնեմասերի դիմաց խոստացել է երկու տասնամյակ կայուն քաղաքականություն վարել հանքարադյունաբերության ոլորոտում:


Տրոցենկոն նաև նշել էր, որ պատրաստվում են ներդումներ անել ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության մեջ և Հայաստանում պղնձաձուլարան կառուցել: Սակայն, այդ ծրագրերից և ոչ մեկից դեռ որևէ տեղեկություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG