Մատչելիության հղումներ

Փաշինյանը՝ սանկցիաների մասին. Պաշտոնական մակարդակում չունենք ոչ մի պահանջ ԵՄ և ԱՄՆ գործընկերներից, ՌԴ-ից


Հայաստանը պատժամիջոցների հարցով լիարժեք կապի մեջ է և համագործակցում է և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, որպեսզի կարողանա դրսևորել միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցչի պահվածք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆրանս-պրես» գործակալության հետ հարցազրույցում։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր Հայաստանը, որի հիմնական առևտրային գործընկերը Ռուսաստանն է, ըստ վարչապետի, առաջին օրերից էլ հասկացել է, որ սանկցիաները, որոնք կիրառվում են Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ, որոշակի խնդիրներ են առաջացնելու։

«Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ խոսելիս ասել ենք հետևյալը՝ մենք հասկանում ենք ձեր ակնկալիքը և պատրաստ ենք հասցեագրել ձեր ակնկալիքը, բայց մինչև այն կետը, երբ Հայաստանի համար կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ, որովհետև եթե Ռուսաստանի նման անծայրածիր պետությունը կարող է իրեն թույլ տալ սանկցիայի տակ հայտնվել, Հայաստանն, առավել ևս այս ռազմաքաղաքական միջավայրում, չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եվ մենք այս նույն տեքստն ասել ենք նաև Արևմուտքին», - ասել է նա՝ պատասխանելով հարցադրմանը, թե ԱՄՆ-ն և Եվրոպան կասեցրել կամ սահմանափակել են մեքենաների վաճառքը Ռուսաստանին, իսկ Հայաստանը դարձել է մեքենաների հիմնական վերաարտահանողը դեպի Ռուսաստան, ի՞նչ է անում կառավարությունը, որ Հայաստանի տարածքը չօգտագործվի ՌԴ-ի կողմից պատժամիջոցները շրջանցելու նպատակով։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը հենց այս կանոնով էլ աշխատում է, չնայած որոշ հայտնի ուժեր անընդհատ եվրոպական և ամերիկյան մամուլում մեծ լոբբինգ են անում՝ ցույց տալու համար, որ Հայաստանը սև խորշ է այդ առումով։

«Բայց մենք պաշտոնական մակարդակում այս պահի դրությամբ չունենք ոչ մի պահանջ Եվրամիության և ամերիկյան գործընկերներից, Ռուսաստանից էլ, որովհետև չենք ուզում խորամանկել մեր գործընկերների հետ, պարզ ասում ենք, և կարծում եմ, մեր դիրքորոշումը լեգիտիմ է», - հավելել է ՀՀ ղեկավարը։

Անցյալ ամիս ընդունված կառավարության որոշումներով խստացվեց մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ չիպերի, տրանսֆորմատորների և տեսախցիկների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը։

Հունիսի վերջին Հայաստանում էին արևմտյան երկրների պատժամիջոցային հարցերի հատուկ ներկայացուցիչները, որոնց ընդունեց նաև վարչապետ Փաշինյանը։

Օրերես Հայաստանից Ռուսաստան արտահանվող ավտոմեքենաների շեշտակի աճը գրավել էր բրիտանական հայտնի Financial Times պարբերականի ուշադրությունը. հոդվածի հեղինակները գրել էին, որ ընդամենը մեկ տարում Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալները աճել են ավելի քան 200 անգամ։

Հայաստանի միջոցով Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնելու վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից հետո Եվրամիությունն էր նաև հայտարարել՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների զգալի աճը կասկածելի է։

XS
SM
MD
LG