Մատչելիության հղումներ

Զինծառայությունից խուսափած՝ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու նոր օրինագիծ է մշակվել


ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում, արխիվ

Զինվորական ծառայությունից խուսափած՝ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատվելու և Հայաստան վերադառնալու հնարավորություն տվող օրենսդրական նոր նախագիծ է մշակվել:

Իշխող ուժից պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում են հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ 27 տարին լրացած անձանց, եթե նրանք պատրաստ են պետությանը վճարել պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի ու հավելավճարների չափով գումար: Պատգամավորները հաշվել են՝ 5-5,5 միլիոն դրամ կամ շուրջ 10 հազար դոլար է կազմելու վճարվող գումարը:

«Մենք առաջարկում ենք նոր լուծում, նոր տարբերակ, բայցև նաև խստացնում ենք այն դրույթը, որի համաձայն, փաստորեն, ծանր հանցագործություն է համարվելու այլևս, ինչը նշանակում է, որ տասնամյա վաղեմության ժամկետի հիմքով 37 տարեկանում քրեական գործը չի կարճվի», - հայտարարեց Հայրապետյանը:

Քրեական օրենսգրքով ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի դեպքում վաղեմության ժամկետը 20 տարի է, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:

Անցած տարիներին զինծառայություն չանցած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տրվում էր մեկ այլ՝ ժամանակավոր օրենքով, որը ընդունվել էր 2003 թվականին, ու պարբերաբար երկարաձգվել էր դրա գործողության ժամկետը, վերջին անգամ՝ 2019 թվականի մարտին՝ մինչև 2020-ի հունվարի 1-ը: Օրենքի դադարեցման վերաբերյալ առաջարկ անցած տարի Կառավարության նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր արել, հիմնավորել՝ փորձը ցույց է տվել, որ օրենքը փաստացի դարձել է պարտադիր զինծառայությունից խուսափելու միջոց:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վիճահարույց է համարում օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ պատգամավորի՝ նախագծով սահմանված գումարը շատ բարձր է:

«Եթե շատ-շատերը նրանցից ունենային մոտավորապես 6 հազար դոլարի կարգի փող, այսինքն՝ 3,6 միլիոն դրամ, էն ժամանա՛կ կգային: Այսինքն՝ մարդ, որը որ 3,6 միլիոն դրամով չի եկել երկիր, հիմա 5 միլիոն դրամով էդ ինչպե՞ս է գալու», - հայտարարեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կարող է ուղերձ դառնալ դրսում ապրող հայրենակիցներին՝ Հայաստան չվերադառնալու համար: «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է զինծառայություն չանցած՝ հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած քաղաքացիներին համաներում շնորհել: Մեկ անգամ արդեն մերժում են ստացել Կառավարությունից, երկրորդ անգամ են դիմել գործադիրին:

«Ուրիշ ա՝ բանակից փախնել, ուրիշ ա՝ շատ փոքր տարիքում երկրից հեռանալ ծնողների հետ, քանի որ ապրելու ոչ մի միջոց գոյություն չուներ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Դավիթը, ով փոքր տարիքում ծնողների հետ միասին Հունաստան է մեկնել, հիմա արդեն 28 տարեկան է: Ցանկությունը մեծ է՝ վերադառնալ Հայաստան, ամիսներ շարունակ այդ հույսով է: Հիմա պատրաստ է անգամ պահանջվող գումարը վճարել, բայցև նկատում է՝ արտասահմանում էլ շատերի համար դժվար է այքան գումար հավաքելը:

«Մեր հայրենակիցները արտասահմանում շատ-շատ են, և շատ-շատերը հնարավորություն չունեն, շատ-շատերը ունեն, բայց ոնց էլ որ ուզում ա լինի, շատ դժվար ա էդ գումարը հայթայթվում արտասահմանում», - ընդգծեց Դավիթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG