Մատչելիության հղումներ

«Փաշինյանը գնաց Գրանադա՝ անհասկանալի հանդիպման, բայց չկարողացավ գնալ Բիշքեկ»․ Ալիև


Ադրբեջանի նախագահը քննադատել է Հայաստանի վարչապետին, մասնավորապես շեշտելով՝ «Նիկոլ Փաշինյանը 6 ժամ անհասկանալի հանդիպման է մեկնել իսպանական Գրանադա, բայց մի քանի ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին»։

Ըստ Эхо Кавказа-ի՝ Իլհամ Ալիևն այս մասին ասել է երեկ՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Ռուսական կողմը հաղորդել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Երևանը հաղորդեց, որ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող արտգործնախարարների նիստին Հայաստանը կներկայանա փոխարտգործնախարարի մակարդակով։ Բիշքեկ չմեկնեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «մի շարք հանգամանքների բերումով»։

Ալիևը երեկ նշել է, որ ադրբեջանական կողմը «երախտագիտությամբ է ընդունում» Ռուսաստանի միջնորդությունը։

«Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից», - ասել է Ալիևը՝ շարունակելով․ - «Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանային, չէին հրաժարվի այս հնարավորությունից»։

Ալիևը նկատել է՝ «Հայաստանի վարչապետը վեց ժամ թռչել է Գրանադա, մասնակցել այնտեղ անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվել է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց 2-3 ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ, որովհետև կարևոր գործեր ունի»։

«Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք»,- ասել է Ալիևը։

Գրանադայում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպումն ի սկզբանե պետք է հնգակողմ լիներ՝ դրան պետք է մասնակցեր նաև Ադրբեջանի նախագահը, սակայն, Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվեց։ Բաքուն ավելի ուշ պարզաբանեց, թե այդ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությանը Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին արտահայտվել, Ալիևը նաև հայտարարել է, թե չի մասնակցել հանդիպմանը «Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման պատճառով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG