Մատչելիության հղումներ

Հայաստանն ութ գյուղերը վերադարձնելու խոստում չի տվել. արձագանքում են իշխող ուժից


Հայաստանն ութ գյուղերը վերադարձնելու խոստում չի տվել, ի պատասխան Բաքվի հայտարարության, թե Երևանից սպասում են դրանց վերադարձ, պնդեց իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Քարտեզներով, տեսեք, նույն Տավուշի մարզում մենք ունենք 7-8 գյուղեր, որոնց վարելահողերը ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիմա տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանն այդ մասով, ենթադրենք, կարող է մնալ հենց այն տեսքով, ինչ տեսքով կա, մյուս տարբերակով՝ կարող է լինել մի դեպք, որ, ենթադրենք, ինչ-որ վարելահողեր, որոնք մեր գյուղերին են պատկանել, պետք է, բնականաբար, նորից անցնեն Հայաստանին։ Կարող է այնպես լինել, որ օրինակ՝ մի տեղ անտառափեշ մեկ այլ գործողություն լինի, ու այսպես շարունակ։ Հենց դեմարկացիան և դելիմիտացիան այդ գործընթացն է, բայց այդ գործընթացի արդյունքում Հայաստանի տարածքը լինելու է և պետք է լինի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր։
Դա պետք է խաղաղության պայմանագրի մեջ արտացոլվի, բնականաբար, այսինքն՝ մենք պիտի այնպիսի խաղաղության պայմանագիր կնքենք, որը չպետք է առաջացնի որևէ խնդիրներ և նոր պատերազմի հավանականություն»։

Բաքուն ուղիղ հայտարարում է, որ եղած իրավճակը պահպանելու հետ համաձայն չէ, ինչը Երևանը որպես անկլավների հարցի լուծման տարբերակ էր առաջարկում։


Բացահայտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման կուլիսային քննարկումները՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե Ադրբեջանն առաջարկել է տեքստի մեջ ավելացնել Տավուշի անկլավների վերադարձի կետը, բայց ինքը հրաժարվել է, ի վերջո համաձայնել են այդ դրույթը հանել։ Հիմա, փաստորեն, ոչ միայն Տավուշի գյուղերը, այլև Արարատի մարզի Տիգրանաշենը՝ Քյարքին է Ադրբեջանը պահանջում։

Իշխանական պատգամավոր Պապոյանն, ի դեպ, այսօր խիստ զարմացավ՝ լրագրողից լսելով, թե վարչապետը խոսել է ռազմավարական նշանակության ճանապարհին գտնվող Տիգրանաշենն Ադրբեջանին տալու հնարավորության մասին. - «Այդ ութ գյուղերի մասին խոսում եք դուք, Հիքմեթ Հաջիևը և Իլհամ Ալիևը»։

Անկալվների մասին վարչապետը, այդուհանդերձ, մի քանի անգամ խոսել է՝ փոխանակման համատեքստում. - «Գյուղեր, գյուղեր, մենք էլ ունենք գյուղեր, մենք պատրաստ ենք վերադարձնել, դուք պատրա՞ստ եք, եթե այո, եկեք, հենց հիմա փոխենք»։

«Ադրբեջանը դրանից հետո կմտածի նոր օրակարգ՝ նոր պահանջներ, թիրախներ»

«Այն, ինչ այսօր է տեղի ունենում, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի միակողմանի պարտավորությունների ստանձնումն է, գոնե հրապարակային առումով, սա այն դեպքում, երբ Ադրբեջանը առհասարակ չի խոսում իր տարածքում գտնվող անկլավի մասին, չի խոսում իր իսկ կողմից օկուպացված տարածքների մասին», - ասում է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա կարծում է՝ Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման սահուն դաշտ է նախապատրաստում։ Չի բացառում, որ ութ գյուղերի համար Ադրբեջանը ռազմական հերթական գործողությունը նախաձեռնի։ Բաքուն դրանք իր «օկուպացրած տարածքներն» է համարում։


«Ադրբեջանն, ըստ էության, բանակցությունների գործընթացը այսպես կոչված՝ կառուցողական հուն մտցնելու համար պահանջում է այդ ութ գյուղերի հանձնում։ Թե ինչ կլինի դրանից հետո, միայն կարելի է ենթադրել, Ադրբեջանը դրանից հետո կմտածի նոր օրակարգ՝ նոր պահանջներ, նոր թիրախներ, իսկ Հայաստանը հերթական անգամ կարձանագրի, որ զիջել է, չեմ խոսում այն դեպքերի մասին, որ չի կարող որևէ մեկը բացառել, որ սա նաև կարող է տեղի ունենալ ռազմական գործողությունների արդյունքում», - ասաց Աբրահամյանը։

Հայաստանի իշխանությունը հայտարարում է՝ Ադրբեջանն էլ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրն է օկուպացրել՝ 2020-ից հետո ու 90-ականների պատերազմի ժամանակ՝ Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերն այդ շարքում են։

XS
SM
MD
LG