Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտան հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզային:
Հրաժարականի պատճառը լիթիումի և ջրածնի արդյունահանման նախագծերի կառավարման ընթացքում ենթադրաբար թույլ տրված սխալներն են, որոնք այժմ հետաքննվում են իրավապահների կողմից:
Պորտուգալիայի վարչապետի նստավայրում խուզարկություններ են կատարվում: Իր որոշման մասին Կոշտան հայտարարել է հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո՝ հայրենակիցներին հասցեագրված հեռուստաուղերձում։
Նա նշել է, որ հետաքննությունն իրեն անակնկալի է բերել, սակայն ավելացրել է, որ իր խիղճը հանգիստ է, և ինքը մտադիր է համագործակցել հետաքննության հետ։
Ավելի վաղ EFE լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Պորտուգալիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում վարչապետի պաշտոնական նստավայրում։
Ըստ հաղորդագրության՝ այդ գործողությունները կապված են հանրապետության հյուսիսում լիթիումի արդյունահանման նախագծերի իրականացման հարցում կառավարության կողմից ընկերություններին տրված ենթադրական արտոնությունների և հնարավոր զիջումների հետ:
Գործակալության տվյալներով՝ իրավապահները մոտ 40 խուզարկություն են անցկացրել, այդ թվում՝ ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարություններում։
Կոռուպցիոն կասկածների կապակցությամբ արդեն կալանավորվել են Կոշտայի վարչակազմի ղեկավար Վիտոր Էսկարիան և Սինես քաղաքի քաղաքապետը։