Զանգելանը կդառնա զբոսաշրջության և առևտրի, վերականգնվող էներգիայի աղբյուրների և ժամանակակից նորարարությունների կենտրոն, հայտարարում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ այսօր կառավարությունը քաղաքի հատակագծից որոշ մանրամասներ է հրապարակել։
Քաղաքի հատակագիծը հաստատվել է այս տարվա հոկտեմբերի 30-ին։
Զանգելանի միջազգային օդանավակայանը, երկաթուղային գլխավոր ուղիներն ու ճանապարհները, որոնք այժմ կառուցվում են, «քաղաքը կդարձնեն տարածաշրջանային կարևոր լոգիստիկ կենտրոն», նշվում է հաղորդագրությունում:
Քաղաքի ընդհանուր մակերեսը, ըստ գլխավոր հատակագծի, կկազմի 333 հեկտար, իսկ բնակչությունը՝ 16 հազար մարդ։
«Քաղաքում կստեղծվեն 4 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որտեղ կկրթվի 960 երեխա, 3 ուսումնական հաստատություն՝ 2 հազար 880 ուսանողի համար, կենտրոնական շրջանային հիվանդանոց և ամբուլատորիա, վարչական շենք, մշակույթի կենտրոն, Օկուպացիայի և Հաղթանակի թանգարանների համալիր և այլն», - հաղորդում է APA գործակալությունը։
44-օրյա պատերազմից հետո Զանգելանն անցավ Ադրբեջանի հսկողության տակ։ 2021-ի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց Զանգելան՝ հայտարարելով, որ ծրագրում են առաջիկա ամիսներին սկսել քաղաքի վերաբնակեցումը։