Մատչելիության հղումներ

7 ամիս առաջ սկսված գործընթաց ու ընդամենը մի քանի տասնյակ ապամոնտաժված տնակ. ամառվանից քանդման աշխատանքները դադարեցված են


Յոթ ամիս առաջ սկսված գործընթաց ու ընդամենը մի քանի տասնյակ ապամոնտաժված տնակ։ Չնայած գարնանը Գյումրիի քաղաքապետարանն ասում էր, թե մինչև տարեվերջ 800-ից ավելի տնակ կապամոնտաժվի, սակայն ամառվանից քանդման աշխատանքները դադարեցված են։

Ի՞նչ խնդիրներ են առաջացել. «Ազատության» այս հարցին օրեր շարունակ չեն պատասխանում քաղաքապետարանից։ Իսկ ապամոնտաժման մրցույթը շահած «Ռոստորգ» ընկերության ղեկավար Սահակ Սահրադյանը միայն բանավոր փոխանցեց, թե ընդամենը երեք տնակ են ապամոնտաժել, որի դիմաց 600 հազար դրամ գումար են ստացել։ Մյուս տնակները՝ բնակիչներն ինքնակամ են քանդել։

Իսկ ինչո՞ւ «Ռոստորգը» դադարեցրեց աշխատանքը. Սահրադյանն ասաց՝ քաղաքապետարանը պետք է մի գրություն տար, որ ապամոնտաժումն իրավական հիմք ունի, սակայն չի տվել։ Մինչդեռ քաղաքային իշխանությունը ամիսներ առաջ էր բնակիչներին ծանուցումներ ուղարկել։

Ավտոկայանի բանավանում, որտեղ երկրաշարժից հետո տեղադրված ժամանակավոր կացարաններն ամենաշատն են, քանդված տնակներ չնկատեցինք։ Տնակային ավանում բնակվող Սանասար Պապիկյանի 8 հոգանոց ընտանիքը ժամանակին 2 սենյականոց բնակարան է ստացել։ Ընտանիքը կիսվել է՝ մի մասը նոր բնակարան տեղափոխվել, մի մասը տնակում մնացել, քանի որ փոխհատուցած բնակարանի մակերեսն, ասում է, փոքր էր։

«Երկու սենյակ, այսինքն, 49 քառակուսի մետր, էն էլ՝ միջանցք, տուալետ, բաղնիք, կուխնի, սաղ իրար հետ», - ասաց Պապիկյանը:

Պապիկյանները քաղաքապետարանից տնակն ապամոնտաժելու ծանուցում ստացել են, բայց ասում են՝ «չենք ապամոնտաժի, ո՞ւր գնանք»։

«Ծանուցումը ստացել ենք, որ պիտի քանդեինք, բաց քանդենք, տեղ չունենք գնալու: Քանդեն էլ ստեղ էլի կմնանք, վրանի մեջ էլ, կմնանք վրանը կդնենք կմնանք: Թույլ չեմ տա, որ քանդեն, բայց եթե էդ աստիճանի հասնի, նորից ստեղ կմնանք», - ընդգծեց Սանասար Պապիկյանը:

Այս կարգավիճակում հայտնված ընտանիքներին առաջարկվում է տնակն ապամոնտաժել ու վարձով ապրել։ Մեկ տարի 60 հազար դրամ վարձավճարը պետությունը կփոխհատուցի հետո բնակիչն ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի։ Պապիկյանն ասում է՝ մեկ տարվա ընթացքում չեն կարողանա բնակարանի հարց լուծել, ժամանակին տան հիմքն է գցել, բայց չեն թույլատրել։

Հիմա պատրաստ է իր տունը իր ձեռքով սարքել, միայն թե տարածքը սեփականաշնորհվի:

Ի դեպ` տնակներում ապրող ընտանիքներից շատերն են ցանկանում տարածքը սեփականաշնորհել։ Միայն թե անվճար սեփականաշնորհում չի նախատեսվում։

Դեռ գարնանը, երբ նոր էր սկսվել տնակների ապամոնտաժումը, տնակներում ապրող բազմաթիվ ընտանիքներ սեփականաշնորհելու դիմումներ էին ներկայացրել։

Կառավարությունը մինչև 2027 թվականը վերջնաժամկետ է հայտարարել՝ երբեմնի աղետի գոտում շուրջ 6000 ժամանակավոր կացարանում ապրողների բնակարանային խնդիրները լուծելու համար, բայց թե ինչ տարբերակներով դեռ ծրագիր չի ներկայացվել։

XS
SM
MD
LG