Մատչելիության հղումներ

Ավարտվել է Շիրակում բնակվող անօթևանների հաշվառումը


Գյումրիի փողոցներից մեկը, արխիվ

Շիրակի մարզպետարանն ավարտել է մարզում բնակվող անօթևանների հաշվառումը։ Դեռ երկուսուկես տարի առաջ ստեղծվել էր կառավարության հատուկ հանձնաժողով Շիրակի, Լոռու և Արագածոտի մարզերում երկրաշարժից հետո ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին հաշվառելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրիում 2018-ի դեկտեմբերին, կառավարության արտագնա նիստում, հանձնարարեց պարզել, թե ի վերջո աղետի գոտում անօթևանության հարցի լուծման համար որքան գումար կպահնաջվի:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ասում է՝ այժմ պարզում են, թե որ ընտանիքն, ինչ հանգամանքներում է հայտնվել ժամանակավոր կացարանում:

«Մոտ 2 հազար 800 տնակների մասին է խոսքը։ Էստեղ առաջանում է էլի խնդիր, որ պետք է հասկանանք՝ այն բնակիչները, ովքեր ապրում են տնակներում, այլ բնակության վայրերի՞ց են տեղափոխվել, թե՞՝ գնել են, կամ Գյումրի քաղաքի մի հատվածց մյուսն են տեղափոխվել, որովհետև շատ ենք հանդիպում, երբ գյուղական բնակավայրերից տեղափոխվել են Գյումրի քաղաք և միանգամից բնակվել են տնակում, և այսօր երբ նայում ես, թվում է, թե իրենք էլ են հանդիսանում երկրաշարժից հետո անօթևան դարձած, բայց իրականում, երբ որ նայում ես պատմությունը 30 տարվա, կարող է մի 10-12 տարի առաջ գյուղում վաճառել են բնակարանը, կամ գյուղում ընտանիքը մեծանալու արդյունքում տեղափոխվել են քաղաք Գյումրի, գնել կամ վարձակալել տնակ և շարունակել են այնտեղ ապրել։ Այնպես որ կոնկրետ տնակ առ տնակ, ճակատագիր առ ճակատագիր այս պահին նայվում է», - ասաց մարզպետը։

Գյուղական բնակավայրերում անօթևանի կարգավիճակ ունեցողներին, ըստ իրենց ցանկության, կա՛մ բնակարանի գնման վկայագիր են տրամադրել, կա՛մ պետության կողմից կառուցված բնակարան է տրամադրվել:

Գյումրիում ևս, որպես խնդրի լուծման տարբերակ, քննարկվում է սոցիալական բնակարանների կառուցումը, կամ գնման վկայականի տրամադրումը: Վերջնական տարբերակ դեռ չկա: Դեպքեր են եղել, որ անօթևան ընտանիքը տնակի տարածքը սեփականաշնորել է և կառուցապատել: Մարզպետն ասում է, որ որոշ դեպքերում այն խնդիր է դարձել, քանի որ կանաչ գոտում է եղել տնակը:

«Գիտեք, որ ավագանու որոշմամբ, մի շարք սեփականատերերի է հանձնվել այն տարածքը, որտեղ նրանք կառուցապատել են, ավագանին արդեն ունի նմանատիպ որոշում, բայց մենք ունենք դեպքեր, երբ որ կանաչ տարածքներում է այդ ամեն ինչը տեղի ունեցել և դրա հետ կապված արդեն խնդիրներ կան, և հնարավոր չէ իրենց փոխանցել, ամեն դեպքում այդ շինությունները պետք է քանդվեն», - ասաց Հովհաննես Հարությունյանը։

Մարզերում կառուցապատողից եկամտահարկով բնակարան ձեռք բերել ցանկացող կա, բայց շուկայում կառուցապատողից առաջարկ չկա: Այս տարի կառուցապատողներից մեկը Գյումրիի կենտրոնում սկսել է շինարություն, և մարզպետը կարծում է, որ այլ կառուցապատողներ ևս կհետևեն այս օրինակին:

«Իմ ունեցած տվյալներով նրանք բնակարանները վաճառում են հենց էդ պայմաններով, երբ որ մարդիկ կարող են օգտվել եկամտահարկի հետվերադարձից, դա մարզերում իրականացվող նմանատիպ ծրագրերից առաջինն էր, և կարծում եմ, որ շատ հաջողված կլինի ու դա կներգրավվի այլ բիզնեսմենների, ովքեր բիզնես նպատակներով կգան Գյումրի, կկառուցապատեն և կտան հնարավորություն այդ ծրագրերից օգտվելու», - եզրափակեց Շիրակի մարզպետը։

1988-ի երկրաշարժից հետո աղետի գոտին վերակառուցելու բազմաթիվ ծրագեր են կազմվել ու համապետական ընտրությունների ժամանակ տարբեր գործիչների կողմից շահարկվել, թե իրենց ընտրելու պարագայում, հարցը վերջնական կլուծվի: Երկրաշարժից գրեթե 33 տարի անց խնդիրը այդպես էլ վերջնականապես լուծված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG