Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը՝ հեռուստահաղորդավար


Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ «սիրով ընդունել է» GB News բրիտանական լրատվական հեռուստաալիքի հաղորդավարը դառնալու առաջարկը:

Այդ հեռուստաալիքը հիմնականում ներկայացնում է աջակողմյան քաղաքական ճամբարը և դիրքավորվում որպես «հարթակ, որն առաջարկում է այլընտրանքային տեսակետից իրադարձությունների լուսաբանում և դրանով տարբերվում է ավանդական լրատվամիջոցներից»:

Բորիս Ջոնսոնն այս տարվա հունիսին է հրաժարվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորի մանդատից:

Ջոնսոնը GB News-ում կվարի վավերագրական ֆիլմաշար, որը «կցուցադրի Մեծ Բրիտանիայի ուժն ամբողջ աշխարհում»: Բացի այդ, նա կմասնակցի հաջորդ տարի Մեծ Բրիտանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների լուսաբանմանը:

«Ես կխոսեմ Մեծ Բրիտանիայի առջև ծառացած հսկայական հնարավորությունների, ինչպես նաև մարտահրավերների մասին: Եվ այն մասին, որ մեր լավագույն օրերը դեռ առջևում են», - ասել է Ջոնսոնը:

Քաղաքական ասպարեզ մտնելուց առաջ Բորիս Ջոնսոնն աշխատել է որպես լրագրող: 1987 թվականին ապագա վարչապետը վերլուծական հոդվածներ է գրել The Daily Telegraph թերթի համար, որն անվանում են «Պահպանողական կուսակցության ձայնը»:

1980-ականների վերջին նա դարձել է պարբերականի թղթակիցը Բրյուսելում և մասնագիտական շրջանակներում մի քանի անգամ մեղադրվել է «փաստերը խեղաթյուրելու կամ հորինելու համար»:

1990-ականների սկզբին Ջոնսոնը վերադարձել է Լոնդոն և շարունակել է վերլուծական հոդվածներ գրել The Spectator ամսագրի համար, որը նույնպես պահպանողական շրջանակների հայացքներն է արտահայտում:

Նրա հիմնական թեմաներն է եղել Եվրոպական միության և բրիտանական Լեյբորիստական կուսակցության քննադատությունը:

2008 թվականին Ջոնսոնն ընտրվել է Լոնդոնի քաղաքապետ և պաշտոնավարել է երկու ժամկետ։ 2016-2018 թվականներին վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունում նա ղեկավարել է արտաքին գործերի նախարարությունը։

Մեյի հրաժարականից հետո Ջոնսոնը հայտարարել է, որ առաջադրվելու է նրա պաշտոնի համար։ 2019 թվականին նա ստանձնել է վարչապետի պաշտոնը, որը զբաղեցրել է մինչև 2022 թվականը։

Նա ստիպված հրաժարական է ներկայացրել Partygate անվամբ սկանդալի պատճառով, երբ պարզվել է, որ կորոնավիրուսով պայմանավորված խիստ կարանտինի օրերին վարչապետի նստավայրում կազմակերպվել են գործադիրի աշխատանքին առնչություն չունեցող տարատեսակ հավաքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG