Մատչելիության հղումներ

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը


Ադրբեջան - Վագիֆ Խաչատրյանը դատարանում, Բաքու, հոկտեմբեր, 2023թ.
Ադրբեջան - Վագիֆ Խաչատրյանը դատարանում, Բաքու, հոկտեմբեր, 2023թ.

Բաքվում այսօր շարունակվում է ցեղասպանության համար մեղադրվող, Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զինվորական դատարանում 70-ամյա տղամարդը ցուցմունք է տվել ու կրկին հերքել իրեն վերագրվող մեղադրանքները։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Խաչատրյանը պնդել է, թե արցախցիներին որպես Լեսնոյ հայտնի՝ ադրբեջանական անվամբ Մեշալի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղավոր են «Հայաստանից ու արտասահմանից եկածները, որոնք Դաշնակցության անդամ են եղել»։

Նախորդ օրը Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Խաչատրյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ցուցմունք տվեցին Բաքվի կողմից տուժող ներկայացող քաղաքացիները։ Ըստ «Ազատության» ադրբեջանական ծառայության՝ նրանք դատարանից պահանջում են Խաչատրյանին ցմահ ազատազրկման դատապարտել։

Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի ուժայինները հուլիսի վերջին առևանգեցին Հակարիի իրենց անցակետից․ նա Կարմիր Խաչի ուղեկցությամբ ու մեքենայով Երևան էր գալիս բժիշկների ցուցումով՝ սրտի հրատապ վիրահատության, Բաքուն նույն օրը հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում որպես Մեշալի գյուղում ցեղասպանություն կատարողի։ Ըստ Ադրբեջանի իրավապահների՝ 90-ականներին Մեշալի գյուղում Խաչատրյանը «25 հոգու է սպանել», «այդտեղ ապրողներին 5.5 միլիոն մանաթի վնաս տվել»
Խաչատրյանի ընտանիքը պնդում է՝ այդ ամենը կեղծ է, հայրը ոչ մեկին չի սպանել, չի վնասել, սովորական վարորդ է եղել։
Պաշտոնական Երևանը շինծու է համարում այս դատավարությունը։
Դատավարությունը մեկնարկել է հոկտեմբերի 13-ին:

XS
SM
MD
LG