Մատչելիության հղումներ

«Ես չեմ մասնակցել այդ կռվին». Վագիֆ Խաչատրյանը հերքում է իրեն առաջադրված ծանր մեղադրանքները


Բաքվի զինվորական դատարանի բազմամարդ դահլիճում Ադրբեջանի դատական իշխանության ներկայացուցիչների ու տասնյակ տեսախցիկների առջև արցախցի Վագիֆ Խաչատրյանը հերքում է իրեն վերագրվող ծանր մեղադրանքները. - «Ես չեմ մասնակցել այդ կռվին»:

Դատարանն այսօր հրապարակեց Խաչատրյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

«Ես ոչ մի անգամ չեմ եղել որպես զորախմբի անդամ, ես ոչ մի կազմակերպիչ չեմ եղել», - ասաց Խաչատրյանը:

Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված 70-ամյա արցախցուն Բաքուն մեղադրում է Մեշալի գյուղում ադրբեջանցիների ցեղասպանության, նրանց բռնի տեղահանման համար։ Խաչատրյանը դատարանում ասաց՝ չգիտի, թե խոսքն ինչի մասին է։ Մեշալին, որ արցախցիներին հայտնի է Լեսնոյ անվամբ, Խաչատրյանի ծննդավայրից՝ Ասկերանի Պատարա գյուղից մի քանի կիլոմետր է հեռու։

Հենց Խաչատրյանի ձերբակալման օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե նրան մեղադրանք է առաջադրվել դեռ 2013-ին ու «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Այսօր դատարանում հրապարակեցին ադրբեջանցի ոստիկանների ու զինվորականների անուններ, որոնք Բաքվի պնդմամբ՝ 32 տարի առաջ Մեշալի գյուղի շրջափակման ժամանակ սպանվել են Խաչատրյանի ու այլ հայերի կողմից։

Ըստ ադրբեջանական դատախազության՝ Մեշալիում սպանվել է 25 հոգի, 14-ը՝ վիրավորվել, 358-ը՝ հեռացել իր բնակավայրից։

Դատարանում այսօր արդեն ցուցմունք են տալիս Բաքվի կողմից վկա ներկայացվող քաղաքացիները, որոնք, ըստ «Ազատության» ադրբեջանական ծառայության, դատարանից պահանջում են Խաչատրյանին ցմահ ազատազրկման դատապարտել։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նաև այս ցուցմունքներին ի պատասխան՝ արցախցին մի քանի անգամ հերքել է, թե այդ իրադարձությունների ժամանակ եղել է Մեշալիում, ասել է՝ վարորդ է եղել ու զենք չի ունեցել։ Խաչատրյանը դատարանում պատմել է, որ ճանաչել է Մեշալիում բնակվող ադրբեջանցիներին, ավելին՝ մտերիմ է եղել նրանց հետ:

Վագիֆ Խաչատրյանի դուստրը հույս չունի, թե Ադրբեջանում հնարավոր է արդարադատության հասնել

«Իմանալով է ասել, որ կարող է ճնշումը մեծանա, բայց դե եթե մարդն անմեղ է, ո՞նց ասի՝ ես մեղավոր եմ՝ անկախ նրանից, որ ինքը հիմա գտնվում է անպաշտպան վիճակում, հազարավոր, միլիոնավոր թշնամիների մեջ միայնակ նստած», - ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստր Ծովինար Խաչատրյանը:

Խաչատրյանի հարազատները մեկ անգամ չէ, որ հերքել են Բաքվի մեղադրանքները։ Միջնեկ դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը գիտի, որ հորը Բաքվում հանրային պաշտպան են տրամադրել, սակայն, հույս չունի, թե Ադրբեջանում հնարավոր է արդարադատության հասնել. - «Բաքուն եթե արդարադատ լիներ, իմ հայրը չէր հայտնվի այնտեղ»:

Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը շինծու է որակել նաև պաշտոնական Երևանը, դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ծովինարը, որ հոր հետ Կարմիր խաչի միջոցով խոսել էր հոկտեմբերի 12-ին՝ առաջին դատական նիստից մեկ օր առաջ, ասում է՝ հորը մտահոգում էր իրենց վիճակը, բոլորը ողջ-առո՞ղջ են դուրս եկել Արցախից: Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ հայրն արդեն գիտեր, որ Արցախը հայաթափվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

«Ինքը գիտեր, չէ՞, որ մենք արդեն Արցախում չէր, ինքը գիտեր՝ ինչ իրավիճակ է Արցախում տիրում: Հենց ես խոսեցի, ինքը միանգամից հարցրեց, ասաց՝ ո՞ղջ եք: Ինքը մեր մասին էր շատ անհանգիստ, ինքը ասում էր՝ եթե ես ողջ էլ չլինեմ, գիտեմ, որ դուք ողջ եք», - պատմեց Ծովինարը:

Հենց սեփական քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու Բաքվի քաղաքականության ու դատարանների՝ վարչակազմի ուղիղ վերահսկողության տակ լինելու մասին բարձրաձայնում են միջազգային հեղինակավոր կառույցները։

ԱՄՆ պետքարտուղարությունը արդեն մի քանի տասնամյակ արձանագրում է, որ Ադրբեջանում իշխանությունը ոտնահարում է մարդու իրավունքները, ընդդիմադիրներն ազատազրկվում են քաղաքական հայացքների, լրագրողները` ազատ խոսքի համար: Այդ երկրի նախագահն էլ չի խուսափում անգամ հրապարակային խոսել հայերին պատժելուց։

Ալիևը իր երկրի ժողովրդին նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից խոստացավ, որ բանտարկված Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաները «արժանի պատիժ են կրելու»։

Բաքվում բանտարկված Արցախի երեք նախկին նախագահներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներ մեղադրվում են ծանր հանցագործությունների համար, այդ թվում՝ ահաբեկչության ու պատերազմական հանցագործությունների։ Բաքվի բանտերում առնվազն չորս տասնյակ հայ կա․ հստակ թիվ Հայաստանի իշխանությունները խոստանում են հրապարակել մոտակա օրերին, երբ կպարզվի՝ քանիսն են գերեվարվել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումից հետո։

XS
SM
MD
LG