Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկեց Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը


Ադրբեջան - Վագիֆ Խաչատրյանը դատարանում, Բաքու, 13-ը հոկտեմբերի, 2023թ․
Ադրբեջան - Վագիֆ Խաչատրյանը դատարանում, Բաքու, 13-ը հոկտեմբերի, 2023թ․

68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը Բաքվի զինվորական դատարանում է․ դատավոր Զեյնալ Ագաևը դատական առաջին նիստում նրա կենսագրությունն է ընթերցում։

Դատարանում թարգմանիչ կա և փաստաբան։ Թե որքան անպաշտպան է իրեն զգում վատառողջ արցախցին Բաքվի դատարանում, մատնում են նրա անընդհատ թաց աչքերը. դատավարության կադրերում տեսնում ենք նաև, որ Խաչատրյանն անընդհատ ձեռքը սրտին է տանում, լավ չի զգում իրեն։

Վագիֆ Խաչատրյանի երեք դուստրերը բառեր չեն գտնում իրենց զգացողությունը փոխանցելու համար։ «Ահավոր կոտրված, չգիտեմ, բառեր չեմ գտնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վեներա Խաչատրյանը։

Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի ուժայինները հուլիսի վերջին առևանգեցին Հակարիի իրենց անցակետից․ նա Կարմիր Խաչի ուղեկցությամբ ու մեքենայով Երևան էր գալիս բժիշկների ցուցումով՝ սրտի հրատապ վիրահատության, Բաքուն նույն օրը հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում որպես Մեշալի գյուղում ցեղասպանություն կատարողի։ Ըստ Ադրբեջանի իրավապահների՝ 90-ականներին Մեշալի գյուղում Խաչատրյանը «25 հոգու է սպանել», «այդտեղ ապրողներին 5.5 միլիոն մանաթի վնաս տվել»։ Նրա ընտանիքն այս երեք ամիսներին պնդում էր՝ կեղծ է այդ ամենը, հայրը ոչ մեկին չի սպանել, չի վնասել, սովորական վարորդ է եղել։

«Նրանց ներկայացրած բոլոր տեղեկատվությունը կեղծ է։ Հայրս ուղղակի վարորդ է եղել՝ 90-ականներին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող», - ասում է Վերա Խաչատրյանը։

«Դա զրպարտանք է։ Ղեկավար չի եղել, չի ղեկավարել, ոչ մի մարդ չի ղեկավարել։ Ո՛չ հրամանատար է եղել, ո՛չ հրամանատրի տեղակալ է եղել։ Ինքը վարորդ էր, Խորհրդային Միության ժամանակ վարորդ է եղել», - ընդգծում է մյուս դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը։

Քրեական այս գործով Բաքուն 59 տուժածների է գտել, նրանք այս ամիսներին հարցազրույցներ էին տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին, պնդում, թե տեսել ու հիշել են Խաչատրյանին 33 տարի անց։

Պաշտոնական Երևանը տարբեր դեմքերով հայտարարել է՝ այս դատավարությունը շինծու է։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է՝ դատավարությունը ֆարս է, Եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի խախտում, Խաչատրյանը հանցագործության հետ իհարկե կապ չունի, պատժվում է Ղարաբաղում ծնվելու ու պապենական հողի վրա ապրելու համար։

«Ուզում եմ սա շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, այդ ընթացքում 5 նախագահ է ընտրվել Լեռնային Ղարաբաղում։ Ղարաբաղը Freedom House-ը գնահատել է որպես «մասամբ ազատ», իսկ Ադրբեջանը՝ «ոչ ազատ»։ Այնտեղ չի կարող լինել արդար դատաքննություն, արդար դատարան և/կամ արդարացի մեղադրանք», - ընդգծել է Մարուքյանը։

Վագիֆ Խաչատրյանի ծննդավայրից՝ Ասկերանի Պատարա գյուղից մի քանի կիլոմետրի վրա է Մեշալին, որ արցախցիներին հայտնի է Լեսնոյ անունով. այստեղ Պատարայի փայտամշակման գործարանն էր։ Պատարայում ապրողները ցեղասպանություն չեն հիշում, հիշում են այն, որ ադրբեջանցու ձեռքով 6 խաղաղ բնակիչ է սպանվել Պատարայում.

Գալյա Իսրայելյանի ամուսնուն․ - «Ջուր խմելիս աղբյուրի կողքին սպանել են։ Էդ ժամանակ ոչ կռիվ է եղել, ոչ մի բան էլ չի եղել, խաղաղ ժամանակ է եղել»։

Լեսնոյի բուժքույր Նորա Ավանեսյանի ամուսնուն ևս, որ գնացել էր կորած անասուններին փնտրելու. - «Կրակել են իր վրա, վիրավորվել է։ Մինչև հասցրել են հիվանդանոց, մահացել է»։

Պատարայում հիշում են՝ Լեսնոյի ադրբեջանցիները 91 թվականին հեռացել են մարդասիրական միջանցքով։ Վագիֆ Խաչատրյանին առաջադրված Բաքվի մեղադրանքում գրել են՝ Մեշալիում 25 հոգի սպանվել է, 14-ը՝ վիրավորվել, 358-ը՝ հեռացել իր բնակության վայրից։

Դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 17-ին է ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG