Մատչելիության հղումներ

Թեհրանի մոտակայքում սպանվել են իրանցի անվանի կինոռեժիսոր Մեհրջուին և նրա կինը


Վահիդա Մոհամմադիֆարը և Դարյուշ Մեհրջուին, արխիվ
Վահիդա Մոհամմադիֆարը և Դարյուշ Մեհրջուին, արխիվ

Իրանցի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դարյուշ Մեհրջուին և նրա կինը՝ Վահիդա Մոհամմադիֆարը, սպանվել են Թեհրանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իրենց տանը։

Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը, որի հաղորդագրության մեջ ասվում է, որ ծնողների դիերը շաբաթ երեկոյան հայտնաբերել է նրանց դուստրը՝ Մոնա Մեհրջուին։

Դեպքի վայր ժամանած իրավապահները Մեհրջուիի պարանոցին հայտնաբերել են սուր առարկայի հարվածից հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հետքեր գլխին։ Նրանց կարծիքով, կինոռեժիսորի կնոջը՝ Մոհամմադիֆարին խեղդել են:

Ըստ Tasnim-ի, կինոռեժիսորի կինն ավելի վաղ սոցցանցերում հայտնել է սպառնալիքների մասին, սակայն ոստիկանությունը ոչ մի բողոք չի ստացել։

«Ոստիկանությունը շուտով կձերբակալի բռնության այս բարբարոսական ակտի հեղինակներին», - հավաստիացրել է իրավապահների խոսնակ Մոնթազերուլ Մահդին։

Դարյուշ Մեհրջուին ծնվել է 1939 թվականին Թեհրանում։ Նա 1960-ականների սկզբին սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում։

Մեհրջուին իր կարիերայի ընթացքում ստացել է մի քանի հեղինակավոր մրցանակներ, այդ թվում՝ «Արծաթե Հյուգո» 1998 թվականին Չիկագոյի միջազգային կինոփառատոնում և «Ոսկե խեցի» 1993 թվականին Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում։

1971 թվականին նա առաջադրվել է Մոսկվայի 7-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե մրցանակի»։

Ամուսինների սպանության հնարավոր դրդապատճառների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG