Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարում է՝ պատրաստ է այցելել Հայաստան


«Հայաստանն ԱՊՀ-ից դուրս չի գալիս, մենք քննարկել ենք հեռախոսով ԱՊՀ գագաթնաժողովը Փաշինյանի հետ», - այսօր Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով՝ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետի հետ:

Պուտինը նաև ասել է՝ պատրաստ է այցելել Հայաստան:

Անցած շաբաթ, երբ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը, պաշտոնական Մոսկվան այս քայլը որակեց ոչ բարեկամական, նույնիսկ սպառնաց, թե կդիմի պատասխան քայլերի, սակայն վերջին օրերին և հատկապես այսօր Ռուսաստանի ղեկավարությունը հատուկ ընդգծում է՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, կապն էլ Հայաստանի իշխանությունների հետ չի ընդհատվել:

Հայաստանի վարչապետը գագաթնաժողովին չի մասնակցել, նրա բացակայությամբ Պուտինն այսօր մանրամասն խոսել է Ղարաբաղից թե՛ գագաթնաժողովին, թե՛ դրան հետևած ասուլիսին, մասնավորապես, շեշտել է՝ Ղարաբաղը դե ֆակտո դարձել է Ադրբեջանի տարածք, երբ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

Սեպտեմբերին ադրբեջանական ռազմական հարձակումից հետ Արցախը մի քանի օրում գրեթե հայաթափվեց: Պուտինը նշում է թե, սա հայ ժողովրդի ողբերգությունն է՝ հավելելով, թե այլևս չկա լուրջ խնդիր, որը կարող է խանգարել Երևանին ու Բաքվին խաղաղության պայմանագիր ստորագրել:

«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, ես ուղղակի չեմ տեսնում խնդիրներ, որոնք այժմ կարող են խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը, Ղարաբաղյան իրադարձություններից հետո», - հայտարարել է ՌԴ նախագահը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները Կրեմլի ղեկավարը զուտ տեխնիկական բնույթի է որակում. - «Բայց դրանք, կարծում եմ, տեխնիկական հարցեր են․ 100 մետր մի կողմ, կիլոմետր դեպի մյուսը. դա այլևս կարևոր չէ»:

«Երկու կողմում բարի կամքի դեպքում այդ ամենը կարելի է անել։ Եվ ձեռնարկել հաջորդ քայլերը, ինչպես և ժամանակին պայմանավորվել էինք՝ առևտրատնտեսական կապերի զարգացման, ենթակառուցվածքային նախագծերը միմյանց կցելու հարցով», - ասել է Պուտինը։

Կրեմլի ղեկավարը, հերթական անգամ խոսելով ղարաբաղյան հակամարտության բանակցային անցյալի մասին, հիշեցրել է, որ Բաքուն և Երևանը բազմիցս «մոտ են եղել» համաձայնությանը, շեշտել է՝ նույնիսկ հանրաքվեի հարց են քննարկել:

Պաշտոնական Մոսկվան ասում է, որ պատրաստ է և ուզում է հնարավորինս անել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիրը Մոսկվայում ստորագրվի:

Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Բաքվի դիրքորոշումը միանգամայն կառուցողական է: Երևանը դեռ չի արձագանքել:

Ռուսական «Կոմերսանտ»-ը երեկ ծավալուն հոդված է հրապարակել հայ-ադրբեջանական բանակցությունների թեմայով, շեշտելով, թե «Հայաստանի վարչապետի համար առավել հարմար է Ադրբեջանի հետ խաղաղության հարցը քննարկել Ռուսաստանից հեռու հարթակներում»:

Գագաթնաժողովում ունեցած իր խոսքում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե երեկ Ադրբեջանի ղեկավարի հետ փակ դռների ետևում մանրամասն քննարկել է ղարաբաղյան խնդիրը:

«Ինչպես հայտնի է, այս երեք տարիների ընթացքում ռուսական կողմը մեծ ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և նոր էսկալացիա թույլ չտալու համար։ Մեր աջակցությամբ պատրաստվել էին համապատասխան եռակողմ փաստաթղթեր։ Իլհամ Հեյդարովիչը կարող է հաստատել, որ այս ողջ ընթացքում հարաբերությունները կարգավորելուն ուղղված քրտնաջան աշխատանք է տարվել, իսկ ռուս խաղաղապահները բարեխիղճ կատարել են իրենց առաքելությունը իրենց լիազորությունների շրջանակում», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը խաղաղպահների մասին հարցին պատասխանելիս հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում ֆորմալ առումով պետք է մնա մինչև 2025 թվականի նոյեմբեր, Բաքուն և Մոսկվան «պետք է որոշեն՝ ինչ անել առաջիկայում»։

Երեկ այս մասին որոշում չի կայացվել: Ո՛չ Բաքուն, ո՛չ Մոսկվան որևէ նոր բան խաղաղապահների հետագա անելիքների մասին չեն ասել: Իլհամ Ալիևն ընդհանրապես ԱՊՀ գագաթնաժողովին Ղարաբաղի մասին հրապարակավ ոչինչ չի ասել:

Բելառուսի նախագահը խոսելով Հայաստանի մասին՝ նշել է, որ Երևանից դժգոհություններ կան դաշնակից կառույցներում։

«Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների հետ հարաբերություններում», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ առանց փաստեր ու հավելյալ մանրամասներ ներկայացնելու։

XS
SM
MD
LG