Մատչելիության հղումներ

Ի՞նչ է լինելու ԼՂ-ից տեղահանվածների վարկերի հետ. արցախցիներն անորոշության մեջ են


Մեկ բիզնես վարկ, գումարած մի քանի այլ փոքր պարտավորություններ բանկերին. Քնար Բադալյանը ահա այսպիսի վարկային բեռով է Արցախից Հայաստան եկել, այժմ աշխատանք գտնելու, դստերը դպրոցում տեղավորելու խնդիրներով է զբաղված։ Ֆինանսական հարցերի մասին դեռ չի մտածում, բայց թե ի՞նչ է լինելու իր վարկերի հետ, ներվելո՞ւ են դրանք, թե՞ ամեն դեպքում, պետք է մարի, տեղեկություն դեռ չունի, հստակություն չկա:

Իր պարտավորությունների ընդհանուր գումարը կինն ասել չի ցանկանում: Փոքրերը դեռ ոչինչ, բիզնես վարկի հարցն է ծանր, հավելում է Քնար Բադալյանը. հերթական վճարումների համար բանկերից դեռ զանգեր, զգուշացումներ չեն եղել, սպասողական վիճակ է:

«Սաղ հասկանում են, մտածում են ինչ անեն, որ առաջինը մեր համար մտածեն, հետո տեսնեն իրանց գումարները ոնց են վերցնելու», - ասաց արցախցի կինը:

Ի տարբերություն Բադալյանի՝ վարկեր ունեցող շատ այլ արցախցիներ հարցազրույց տալ չցանկացան, տեսախցիկի հետևում նույն բանն են ասում՝ առայժմ ոչինչ չգիտեն։

Հայաստանյան 18 առևտրային բանկերից 7-ը մասնաճյուղ ունեին Լեռնային Ղարաբաղում, դրանցից էլ վարկեր են վերցրել արցախցիները։ Ընդհանուր հաշվարկ չկա, թե արցախցիներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը որքան է կազմում։

Բանկերն ուսումնասիրում են արցախցիների պարտավորությունների հետ կապված հնարավոր խնդիրները. ԿԲ

Հայաստանի կենտրոնական բանկից «Ազատության» հարցմանն ի պատասխան պարզաբանում են՝ առանձնացված վիճակագրություն չեն վարում։ Ըստ ԿԲ-ի՝ այս պահին բանկերն ուսումնասիրում են արցախցիների պարտավորությունների հետ կապված հնարավոր խնդիրները։ Կառավարության և Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ քաղաքացիներին անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն, թե ինչ լուծումներ, չեն մանրամասնում։

«Արարատբանկ»-ից «Հետք»-ին հայտնել են՝ Արցախում մասնաճյուղեր ունեցած մյուս վեց բանկերի հետ նախատեսվում է քննարկում անցկացնել՝ վարկային համաներման հարցով միատեսակ որոշումներ կայացնելու համար։

Ի՞նչ այլ դժվարություններ կարող են առաջանալ. Կենտրոնական բանկի գնահատականներով՝ խնդրահարույց կարող են լինել ոսկով գրավադրված վարկերը, ավելի կոնկրետ՝ արդյոք գրավադրված ողջ ոսկին հաջողվել է դուրս բերել Արցախից։ Խնդիրները քննարկելու համար տեղահանված քաղաքացիները առաջին հերթին պետք է դիմեն իրենց բանկերին, հավելում է ԿԲ-ն։

Որոշ բանկեր հայտարարում են, որ զիջումների են գնում գրավադրված ոսկյա իրերի հարցում՝ վերադարձնում են դրանք առանց գումարի։

Նախորդ տասնամյակներին նաև Արցախի կառավարությունն է առևտրային բանկերից վարկեր վերցրել։ Այս հարցը նույնպես առայժմ օդից կախված է։ Պարզ ասած՝ պարտքը վերադարձնող սուբյեկտն այլևս չկա։

Անցած շաբաթ խորհրդարանի ամբիոնից տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը թվեր ներկայացրեց՝ Լեռնային Ղարաբաղի լուծարված կառավարությունը հայաստանյան բանկերին ավելի քան 200 միլիարդ դրամ է պարտք՝ շուրջ կես միլիարդ դոլար։

«Հիմա մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու էդ գումարների հետ՝ բանկերի վրա ենք թողնելու՝ բարդ խնդրի առաջ կանգնացնելով բանկային համակարգին, թե վերցնելու ենք մեր վրա՝ ավելացնելով պետական պարտքը», - նշել է Թունյանը:

Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ այս հարցը պետք է լուծվի պետություն-բանկեր համագործակցությամբ

Այն, որ Արցախում կատարվածից հետո տնտեսական լուրջ մարտահրավերները դեռ առջևում են, համաձայն են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր թևի ներկայացուցիչները։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ այս կես միլիարդ դոլարի հարցը պետք է լուծվի պետություն-բանկեր համագործակցությամբ։

«Հիմա ինչ չափով ֆինանսական ոլորտը կվերցնի իր վրա, ինչ՝ չափով պետությունը, ինչպիսի համաձայնություններ կլինեն և ինչպիսի վճարման ժամանակացույց, դա կախված է իրական բանակցություններից և երկկողմանի շահի հաշվառմամբ, բայց այստեղ լուծումներ կան և այդ լուծումները հնարավոր է գտնել», - ասաց Ավետիսյանը:

Բացի այդ, անցնող տասնամյակների ընթացքում Հայաստանը մեծ միջպետական վարկեր է տրամադրել Արցախին. իշխանություններն ավելի քան 2,5 միլիարդ դոլարի մասին են խոսում։ Իշխանական Բաբկեն Թունյանն ասում է՝ դա բնականաբար, վերադարձի ենթակա չէ, լուծարված Արցախի կառավարությունից հնարավոր չէ գումար պահանջել։

XS
SM
MD
LG