Մատչելիության հղումներ

Մոսկվան «անհրաժեշտ է համարում խաղաղության համաձայնագրում արձանագրել Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության թեման»


ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Մոսկվան գաղափարներ ու տեսակետներ է առաջարկել Երևանին և Բաքվին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, և չի բացառվում, որ արտգործնախարարները դրանց շուրջ հանդիպում ունենան մինչև այս շաբաթավերջ, RBC-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարի՝ ԱՊՀ հարցերով տեղակալը։

Միխայիլ Գալուզինը ռուսական առաջարկների բովանդակությունը չի մանրամասնել, միայն մեկ դրվագ է ընդգծել․ - «Մենք անհրաժեշտ ենք համարում խաղաղության համաձայնագրում հստակ արձանագրել Ղարաբաղի հայկական բնակչության իրավունքների և անվտանգության թեման։ Հուսով ենք, որ մեր ներկայացրած գաղափարները պահանջված կլինեն, ինչպես և մեր տեսակետը, որ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ խաղաղության պայմանագրի հետագա իրագործմանը նպաստելու համար։ Մեխանիզմ, որը չի վնասի Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը»։

Թե կոնկրետ ինչպես են Մոսկվայում պատկերացնում արցախայերի իրավունքների ու անվտանգության երաշխավորումը, և խաղաղության պայմանագրի իրագործման ինչ մեխանիզմ են առաջարկում՝ Գալուզինը չի հստակեցրել։ Փոխարենը ընդգծել է, որ Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության թեման փակված չէ։ Ավելին, թեև անգամ Ռուսաստանի նախագահն է փաստում, որ Արցախում գրեթե հայ չի մնացել, փոխարտգործնախարարն այսօր ասել է՝ ռուս խաղաղապահների առաքելությունն այնտեղ ավելի քան պահանջված է։

«Մեր առաքելության կարիքը կա, և կարծում եմ՝ կլինի նաև ապագայում։ Նախ՝ բաց է մնում Ղարաբաղի այն բնակիչների անվտանգության հարցը, որոնք մնացել են իրենց տներում։ Նաև չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում կորոշեն հետ գնալ։ Հարցը, թե ինչ գործառույթներ է ունենալու հետագայում այդ առաքելությունը, քննարկվելու և որոշվելու է Մոսկվայի ու Բաքվի միջև», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահականի հեր սերտ կապերով հայտնի փորձագետ Ֆարիդ Շաֆիևը «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել էր, թե ռուս խաղաղապահները մինչև 2025 թվականը մնալու են Ղարաբաղի հայաբնակ տարածքներում՝ բացառությամբ այն շրջանների, որոնք սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վերջին օրերին ռուս խաղաղապահները հաղորդում էին, թե ապամոնտաժում են իրենց դիտակետերը Ասկերանում, Մարտակերտում և այլ շրջաններում, որտեղ այլևս ադրբեջանական բանակն է կանգնած։

«Սա մեր պարտավորությունն է: Ռուս խաղաղապահները այնտեղ կլինեն մինչև 2025 թվականը։ Այս պահին մեղադրանքներ են հնչում, թե ցեղասպանություն կարող է լինել և այլն: Ռուս խաղաղապահների ներկայությունը անվտանգության երաշխիք է», - ասել է Շաֆիևը։

Անցած շաբաթ հաղորդվել էր, որ Մոսկվան այս հարցով բանակցում է Ադրբեջանի հետ, հաջողության հասել են թե ոչ և ինչ պայմաններով՝ կողմերից որևէ մեկը դեռ չի բարձրաձայնել։

Ռուս լրագրողը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ 2022-ին ՀԱՊԿ-ը չդատապարտեց Ադրբեջանին Հայաստանի տարածքի վրա հարձակվելու համար․ և՛ մայիսին, և՛ սեպտեմբերին Ադրբեջանը հարվածեց Վարդենիսին, Ջերմուկին, փաստել է RBC-ի լրագրողը։ Ռուսաստանի փոխարտգործնախարարը պատճառաբանել է, թե դրանից խուսափելու համար կողմերը պետք է ի սկզբանե իրագործեին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ. - «Այդ ժամանակ հստակ կլիներ՝ ով որտեղ է հարվածել, այս կամ այն տարածքը գրավել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա հավատարիմ լինելով իրենց դաշնակցային պարտավորություններին՝ ՀԱՊԿ անդամները լիովին պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը տեղակայվելու դեպքում շատ ավելի լուրջ կայունացնող գործոն կծառայեր, քան պաշտոնական Երևանի կողմից հրավիրված, այսպես կոչված, Եվրամիության դիտորդական առաքելությունը»։

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, հակադարձում է՝ եթե Ռուսաստանի ու Մոսկվայի նախաձեռնած ՀԱՊԿ-ի համար Հայաստանի սահմանները հստակ չեն, ինչպե՞ս է այդ կառույցի առաքելությունը նպաստելու Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը։

Սա ռազմավարական դաշնակից Հայաստանի ու Ռուսաստամի միջև միակ տարաձայնությունը չէ։ Գալուզինը փաստել է, որ վերջին շրջանում Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները սրվել են։ «Մեր դաշնակից Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում ենք բացարձակապես ոչ-բարեկամական քայլ», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ այս հարցում Մոկսվայի դիրքորոշումը չի կարող փոխվել։ - «Մենք որոշակի առաջարկներ ենք ներկայացրել, սակայն դատելով իրավիճակից՝ Երևանում կա՛մ դեռ մտածում են դրանց ուղղությամբ, կա՛մ որոշել են մերժել»։

Թե ինչ առաջարկների մասին է խոսքը՝ Գալուզինը չի մանրամասնել։ Հայաստանի արտգործնախարարությունից ևս այս մասին «Ազատության» հարցմանը դեռ չեն պատասխանել։ Մինչ այդ Երևանը հայտարարել էր, թե Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ազգային ժողովում ընդունված որոշումը առաջիկա օրերին պետք է ստորագրվի Հայաստանի նախագահի կողմից, ինչից հետո Ռուսաստանի նախագահը Հայաստան այցելելիս կարող է ձերբակալվել, քանի որ Միջազգային քրեական դատարանը նման օրդեր է տվել՝ Ուկրաինայում կատարված հանցագործությունների կասկածանքով։

Չնայած սրված հարաբերություններին՝ Գալուզինը պնդել է, թե Երևան-Բաքու-Մոսկվա ձևաչափով շփումներն այս ընթացքում երբեք չեն ընդհատվել, և որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարները կարող են հոկտեմբերի 12-ին կրկին հանդիպել։ Ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն այս լուրը չեն հաստատել։ «Ազատության» հարցմանն ի պատասխան Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցեցին. - «ՀՀ ԱԳՆ֊ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին ք. Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»:

Մինչ այդ հաղորդվել էր, որ Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից երկու օր առաջ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրամիության դիվանագետները գաղտնի հանդիպում էին ունեցել Ստամբուլում։ «Հնարավո՞ր է Արևմուտքի հետ համագործակցել Կովկասում խաղաղություն հաստատելու համար» հարցին Գալուզինն արձագանքել է՝ հնարավոր է, եթե Ռուսաստանի շահերը ևս հաշվի առնվեն։

«Կան պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 2020-ին ու հետագա երկու տարիների ընթացքում։ Եվ եթե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգներն ուզում են օգնել դրանց իրագործմանը, իհարկե, մենք կաջակցենք։ Բայց եթե խոսքը ռուսական նախագծերն օգտագործելու և Ռուսաստանին դուրս թողնելու մասին է, ապա, հասկանալի է, որ նման մոտեցումը մեզ համար անընդունելի է», - հայտարարել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։

Պայմանավորվածությունների շարքում Գալուզինը նշել է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, պնդելով, թե դրա իրագործման դեպքում Հայաստանը դառնում է տրանսպորտային կարևոր հանգույց՝ ամրապնդելով կապերը Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի հետ, Ադրբեջանն էլ հնարավորություն է ստանում անխոչընդոտ հաղորդակցություն հաստատել իր անկլավի հետ։ Արձագանքելով հարցին, թե Հայաստանում մտավախություններ կան, որ հաջորդը թիրախում կարող է լինել Սյունիքն ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալն ասել է՝ «Ռուսաստանի դիրքորոշումն է, որ բոլոր խնդիրները ցանկալի է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG