Մատչելիության հղումներ

Ալիևը կարևորել է «3+3» ձևաչափով հանդիպումների «շուտափույթ անցկացումը»


«3+3» համագործակցության ձևաչափի նախաձեռնողը հենց Ադրբեջանն է, ըստ ադրբեջանական APA գործակալության, երեկ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Միհրդատ Բեզրփաշի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կարևորելով այս ձևաչափով հանդիպումների շուտափույթ անցկացումը։

«Կարևոր է տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ», - ասել է Ադրբեջանի նախագահը։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ առաջին նիստը՝ «3+2» ձևաչափով։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել նիստին՝ հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Երեկ Բեզրփաշը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ Զանգելանում էր։ Մուստաֆաևը նրան է ներկայացրել «Զանգելանում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքները և Արևելյան Զանգեզուրի տարածքում ստեղծված տրանսպորտային նոր ենթակառուցվածքները»։

Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել նաև Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։

Ալիևն իրանցի նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Իրանն ու Ադրբեջանն իրար կապող, ինչպես նաև տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող ճանապարհների և երկաթգծերի կառուցումը կծառայի ողջ տարածաշրջանի կայունությանն ու համագործակցությանը։

Երկրի ղեկավարը նշել է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և կարողությունների հետագա ընդլայնման ոլորտում իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Միհրդատ Բեզրփաշն իր հերթին ասել է՝ Հարավային Կովկասում խաղաղությունը մեծ հեռանկարներ կբացի տարածաշրջանի համար։

XS
SM
MD
LG