Մատչելիության հղումներ

Վրաստանը վաղը ներկայացված չի լինի «3+3»-ի նիստին


Վրաստանի ԱԳՆ շենքը Թբիլիսիում, արխիվ
Վրաստանի ԱԳՆ շենքը Թբիլիսիում, արխիվ

Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափով նիստին, որը տեղի կունենա վաղը Մոսկվայում, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։

«Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ արձանագրել հստակ դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ արտգործնախարարն այդ մասին խոսել է վերջին խորհրդարանական լսումների ընթացքում։ Մենք չենք դիտարկում մեր մասնակցությունը տվյալ ձևաչափում, հետևաբար՝ Վրաստանը ներկայացված չի լինի ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին պլանավորված հանդիպմանը», - ընդգծել է գերատեսչությունը։

Պաշտոնական Թբիլիսին մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ:

«3+3» ձևաչափը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ այդ հարթակի անդամ երկրների փոխարտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը Մոսկվայում։

Թուրքական և ադրբեջանական կողմերը ներկայացնելու են փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալը և Խալաֆ Խալաֆովը։

Հայաստանը ևս, ինչպես նախօրեին խորհրդարանում հայտարարեց վարչապետը, հանդիպմանը ներկայացնելու է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը, սակայն թե որ փոխնախարարը՝ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել։

XS
SM
MD
LG