Մատչելիության հղումներ

«Հինգ օր առաջ Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնեց  իր ինքնիշխանությունը». Ալիև


«Հինգ օր առաջ Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունը», - այսօր Նախիջևանում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե երեք տարի առաջ՝ երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում, մենք վերջ տվեցինք օկուպացիային, ապրիլի 23-ին՝ ադրբեջանա-հայկական սահմանի Լաչինի հատվածում անցակետ տեղադրելով, ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունն, ապա հինգ օր առաջ, մենք ամբողջությամբ ապահովեցինք, վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ 24 ժամից էլ քիչ շարունակված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Ադրբեջանի տարածքում անօրինականորեն գտնվող Հայաստանի բանակային ստորաբաժանումներն ընդունեցին մեր պայմանները, և այդպիսով Ադրբեջանը ամջողջությամբ վերականգնեց իր պետական ինքնիշխանությունը», - ասել է նա։

Ռեջեպ Թայիփ Էրդողանի պնդմամբ էլ՝ Բաքվին «այլ բան չէր մնում», քան ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղում, քանի որ, ինչպես ինքն է նշել, «Ադրբեջանի արդարացի պահանջները շարունակաբար անտեսվում էին»։

«Այս վերջնական հաղթանակով տարածաշրջանում կարգավորման նոր հնարավորություններ են բացվում։ Հուսով եմ, որ դրանք կգնահատվեն ըստ արժանվույն։ Հուսով եմ նաև, որ Հայաստանը կսեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը և անկեղծ քայլերի կդիմի։ Մենք միշտ ենք ասել՝ խաղաղությունն այլընտրանք չունի։ Մենք Հայաստանից տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ համապատասխան քայլեր ենք ակնկալում», - հայտարարել է Էրդողանը։

Ադրբեջանի նախագահի պնդմամբ էլ՝ սեպտեմբերի 19-ից 20-ը ձեռնարկված ռազմական գործողություններից հետո Ղարաբաղում «մեկնարկել է տեղի հայերի ինտեգրումը», որն, ըստ նրա, «հաջող է ընթանում»։ Լեռնային Ղարաբաղից բնիկ հայ բնակչության զագվածային հեռացման փաստը ոչ Էրդողանը և ոչ էլ Ալիևն այսօր, ինչպես և կարելի էր ենթադրել, չեն մեկնաբանել։

«Չնայած Ղարաբաղում ձեռնարկված հակաահաբեկչական գործողությունից ընդամենը հինգ օր է անցել, Ադրբեջանից արդեն իսկ մարդասիրական բեռներ են ուղարկում՝ վառելիք, պարենամթերք, դեղորայք։ Դա ևս մեկ անգամ վկայում է, որ ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Կարևոր չէ՝ նրանք ինչ ազգության են՝ նրանց անվտանգությունը և իրավունքները ապահովվելու են ադրբեջանական պետության կողմից», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները այսօր չեն շրջանցել նաև այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Թեև Ալիևն ու Էրդողանն այդ եզրույթի կիրառումից այսօր խուսափում էին, այնուհանդերձ, նրանց հայտարարությունների ենթատեքստը հստակ էր՝ Անկարան և Բաքուն շարունակում են այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։

«Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջողությամբ շարունակվում է։ Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի տարածքում ընթացող աշխատանքները ավարտին կհասցվեն արդեն գալիք տարվա վերջին», - շեշտել է Ալիևը՝ մեկ անգամ ևս հայտարարելով, թե Նախիջևանի և բուն Ադրբեջանի միջև ցամաքային կապը 100 տարի առաջ արհեստականորեն է խզվել։

«Նախիջևանը Ադրբեջանի հնագույն տարածաշրջանն է։ Ցավոք սրտի,1920 թվականին խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը արհեստականորեն անջատեցին՝ խզելով աշխարհագրական կապը Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև», - պնդել է նա։

Էրդողանի այսօրվա այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը, ճիշտ է առանց բանակցությունների վայրը՝ Նախիջևան քաղաքի կենտրոնում գտնվող ընդունելությունների տունը լքելու։ Նախագահները պարզապես երկու խորհրդանշական կոճակ են սեղմել։

Էրդողանն ու Ալիևը այսօր Նախիջևանի ինքնավար հանրապետության և Թուրքիայի կապն ամրապնդող ևս մեկ ծրագրի մեկնարկ են ազդարարել՝ ստորագրելով Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարության վերաբերյալ մտադրությունների հուշագիրը։ Կողմերը սա պատմական իրադարձություն են որակել։ Թուրքիայի նախագահի այցի ավարտին Էրդողանն ու Ալիևը մասնակցել են նաև ինքնավար հանրապետության տարածքում ստեղծված վերականգնողական-ռազմական համալիրի բացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG