Մատչելիության հղումներ

«Հակաահաբեկչական օպերացիայի» փոքրիկ զոհերը. 8-ամյա Նվերն ու 10-ամյա Միքայելը զոհվել են հայրենի գյուղում


Ութամյա Նվերն ու տանսամյա Միքայելը Ադրբեջանի, այսպես կոչված, «հակակաբեկչական գործողության» զոհերից են, մի գործողություն, որը Բաքվի ներկայացմամբ՝ ուղղված էր միայն ռազմական թիրախներին։

Եղբայրները զոհվել են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ Վշտից քարացած տատը պատմում է՝ Նվերի մահվան մասին միայն 5 օր անց՝ երեկ են իմացել, նրան ուր ասես, որ չեն փնտրել. -«Սկզբից խաբել եմ, թե ռուսների մոտ են տարել, բայց եկանք, երեխան չկար»:

Նվերի դին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հարազատ գյուղում է գտել՝ հավանաբար իրենց տան մոտակայքում՝ ադրբեջանցիներից ոչ շատ հեռու, ենթադրում է հորական տատը, որ մի քանի օրվա կամ ժամերի տարբերությամբ է 2 թոռներին ու որդուն կորցրել։

Նվերի ավագ եղբոր՝ Միքայելի մահվան մասին ընտանիքը հենց սեպտեմբերի 19-ին էր իմացել։

Տղաների 6-ամյա եղբայրն էլ՝ բեկորային վիրավորումով Ստեփանակերտում է՝ բժշկական կենտրոններից մեկում։ Տատիկի խոսքով՝ երեխան հրաշքով է փրկվել, նա դեռ վիրահատություն կարիք ունի, բեկորներից մեկը գլխում է։ 57-ամյա կնոջ որդին էլ՝ ընդամենը 23 տարեկան էր։ Նրա դին դեռ չեն էլ գտել։

«Մեկը ասում է՝ գտնել են, մեկը ասում ա՝ չեն գտել», - ասաց նա։

Կինը թոռների ու որդու կորստից ուշքի չեկած՝ հիմա էլ ստիպված հայրենի Ասկերանն է լքում։ Ընտանիքով հիմա Իվանյանում են, ամեն րոպե պատրաստ Հայաստան տեղափոխվելու։ Ասում է՝ մարդիկ ստիպված են լքում հայրենի բնակավայրերը. Բաքվի վարչակազմի խոստումներին՝ Ադրբեջանի կազմում ավելի լավ ապագայի մասին չեն հավատում, ապացույցը՝ վերջին հարձակումը, որի հետևանքով մարդիկ հարազատներին են կորցրել. - «Տեղ չունենք ապրելու, հայրենիք չունենք, հայաթափություն ա ստեղ…»:

Ստեփանակերտում տարհանման սպասող որոշ արցախցիներ նաև հարազատներին են փնտրում, սոցիալական ցանցերում նման բազմաթիվ հայտարարություններ կան։ Արցախի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են ամբողջ Արցախի տարածքում։ Այս օրերին 100-ից ավելի դի է հայտնաբերվել, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք։ 6 անհետ կորած քաղաքացու են հայտնաբերել։ Դեռ հստակ չէ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորների ու զոհերի վերջնական թիվը։

Վերջին անգամ Ստեփանակերտից հաղորդել են 200 զոհի ու 400 վիրավորի մասին։ Հայտնի չէ նաև, թե քանի մարդ է անհետ կորած համարվում։




XS
SM
MD
LG