Մատչելիության հղումներ

Վրաստանի հատուկ ծառայությունների պնդմամբ՝ մի խումբ նախկին պաշտոնյաներ ծրագրում են զավթել իշխանությունը


Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, որ մի խումբ անձինք ծրագրում են առաջիկա ամիսներին երկրում իշխանափոխություն իրականացնել՝ ապակայունացման և քաղաքացիական անկարգությունների միջոցով։

Հաղորդագրության համաձայն՝ երկրի իշխանությունը բռնի գործողությունների միջոցով զավթելու պլանի պատրաստման և ֆինանսավորման մեջ ներգրավված են օտար երկրներ։ Թե որ երկրների մասին է խոսքը, Վրաստանի պետանվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն չի հստակեցրել։

Վրաստանի հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ «հեղափոխական սցենարի» հեղինակներն են Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության օրոք ներքին գործերի փոխնախարարի պաշտոնն զբաղեցրած՝ այժմ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գիորգի Լորտկիպանիձեն, նրա նախկին գործընկեր Միխայիլ Բատուրինը, ինչպես նաև Ուկրաինայի պատերազմին մասնակցող վրացի կամավորների ջոկատի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։

Վրացական գաղտնի ծառայության տվյալներով՝ ծրագրվող անկարգությունների մասնակիցների «վերապատրաստումն» իրականացվում է լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ՝ սերբական Canvas կազմակերպության կողմից։

Վրաստանի իշխանությունները, այդուհանդերձ, պնդումները հաստատող որևէ ապացույց չեն ներկայացրել: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է դիմել «գործընկեր երկրների համապատասխան կառույցներին»։

XS
SM
MD
LG