Վրացական ընդդիմությունը պատրաստվում է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի իմփիչմենթի պաշտոնական գործընթաց սկսել՝ արդեն առաջիկա օրերին ստորագրահավաք նախաձեռնելով խորհրդարանականների շրջանում։
Նախաձեռնության շարժառիթը կոռուպցիոն այն սկանդալն է, որի կիզակետում հայտնվեց վրացական կառավարության ղեկավարը անցած շաբաթավերջին, երբ մամուլում հայտնված մի շարք հրապարակումներից պարզ դարձավ, որ Ղարիբաշվիլին օգոստոսին մասնավոր այցով մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ չարթերային չվերթով։ Այցի նպատակը նոր ուսումնական տարվա շեմին վարչապետի որդուն Փենսիլվանիայի համալսարան ուղեկցելն էր։ Այն բանից հետո, երբ կառավարության մամուլի ծառայությունը հաստատեց վարչապետի մասնավոր այցի մասին տեղեկությունները, վրացական ընդդիմությունը հաշվարկեց՝ չարթերային մեկ չվերթի գինը մի քանի անգամ գերազանցում է վարչապետի կողմից հայտարարագրված տարեկան եկամուտը։
«Մենք սկսում ենք վարչապետի իմփիչմենթի գործընթացը և կոչ ենք անում մյուս քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորներին միանալ մեզ», - հայտարարում էր «Լելո» կուսակցության ղեկավար անդամ Սալոմե Սամադաշվիլին՝ պնդելով, որ Եվրամիության հետ բախտորոշ զարգացումների շեմին Վրաստանը կառավարում է վերջին տասնամյակների «ամենակոռումպացված վարչապետը»։
Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունը ներկայացվող մեղադրանքներին արձագանքեց երեկ՝ Պետական պահպանության ծառայության ղեկավար Անզոր Չիբունիձեի շուրթերով։ Նրա՝ որպես պատասխանողի ընտրությունը պատահական չէր, քանի որ հենց Ղարիբաշվիլիի թիկնազորն էր վարձել չարթերային օդանավը։
«Ես ցանկանում եմ տեղեկացնել մեր հանրությանը, որ Թբիլիսի-Մյունխեն-Թբիլիսի չարթերային չվերթի համար 34 հազար եվրոյի փոխանցումը մեր ծառայության հաշվեհամարին կատարել է մասնավոր անձ։ Դա վարչապետի հայրն էր՝ Թարիել Ղարիբաշվիլին», - հայտարարում էր Չիբունիձեն։
Ղարիբաշվիլիի թիկնազորի ղեկավարը նաև նշում էր, որ վարչապետն ու նրա ընտանիքը չարթերային օդանավն օգտագործել են միայն մինչև Մյունխեն հասնելու համար, որտեղից արդեն ուղևորությունը դեպի Միացյալ Նահանգներ շարունակել են կանոնավոր չվերթով։
«Չարթերային չվերթը մասնավոր գումարներից է կազմակերպվել թե բյուջետային, կարևոր չէ՝ երկու դեպքում էլ գործ ունենք կոռուպցիայի հետ», - հայտարարում էր ընդդիմադիր «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեն՝ նշելով նաև, որ իր ղեկավարած ուժը միանալու է ընդդիմադիր գործընկերներին ստորագրահավաքին։
Վրացական օրենսդրության համաձայն՝ վարչապետի իմփիչմենթի գործընթացը պաշտոնապես կարող է մեկնարկել, եթե դրան միանա խորհրդարանի 150 անդամների առնվազն մեկ երրորդը։ Այս պահին, սակայն, նախաձեռնությանը կողմ են արտահայտվել միայն մանր՝ ընդամենը մի քանի մանդատ ունեցող ուժերը։