Մատչելիության հղումներ

Բաքվում քննադատում են ռուս խաղաղապահներին, դժգոհ են նաև հռետորաբանությունից․ «Կոմերսանտ»


Ռուսաստանի խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները պարզապես անընդունելի են, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։

Փաշինյանը խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին Ադրբեջանն է խոչընդոտել՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։

«Մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով», - ասաց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ ՀՀ-ՌԴ ստորագրությնները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, հակառակ դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։

«Մենք ակնկալում ենք, որ շփման գծի ցանկացած փորձ կասեցվի խաղաղապահ խմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն», - ասաց Փաշինյանը։

Պաշտոնապես Բաքուն դեռ չի արձագանքել այս հայտարարություններին, բայց ադրբեջանցի պատգամավորները ռուսական մամուլի հետ զրույցում քննադատել են խաղաղապահներին։

«Կոմերսանը» գրում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հնարավորություններն այս դեպքում լրջորեն սահմանփակված են, քանի որ Բաքվի վրա հետագա ճնշումը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սառեցմանը:

Օգոստոսի 2-ին Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ վերջին օրերին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի երեք խախտում է արձանագրվել, ինչի հետևանով «Լեռնային Ղարաբաղի զինված միավորման մեկ ներկայացուցիչ է վիրավորվել»։

«Բառացիորեն նախօրեին խաղաղապահները բավական խիստ հաղորդագրություն էին հրապարակել օգոստոսի 1-ին տեղի ունեցած միջադեպի մասին, արձանագրելով, որ ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով վիրավորվել էր Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների մեկ ներկայացուցիչ, - նշել է «Կոմերսանտը»՝ նկատելով՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը կամ պաշտպանության նախարարությունը չէին արձագանքել, սակայն, ակնհայտ է, որ այս տեքստում օգտագործված ձևակերպումներն անընդունելի են Բաքվի համար, որը բազմիցս է հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, և ռուս խաղաղապահների վերահսկոցության գոտում որևէ զինված խմաբավորում չպետք է լինի:

Ադրբեջանի խորհդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը «Կոմերսնատի» հետ զրույցում հաստատել է, որ Բաքվում դժգոհ են ռուս խաղաղապահների հռետորաբանությունից: Ընդ որում, ադրբեջանցի պատգամավորը դա կապել է այլ՝ Ղարաբաղ հետ կապ չունեցող թեմաների հետ, և պնդել, թե իբր Մոսկվան պատժում է Ադրբեջանին`Ուկրաինայի հարցում դրսևորած դիրքորոշման համար:

«Կարծում եմ, որ ռուս խաղաղապահների բառապաշարը ցույց է տալիս անկարողությունից ծնված զայրույթը: Ուկրաինայի հարցում Բաքվի անկախ դիրքորոշումն ու գործելակերպը, գազի մատակարարումների ավելացումը Եվրոպային, ղազախական նավթին այլընտրանքային տարանցման հնարավորություն տալը և այլն, ակնհայտորեն բացասաբար է ընկալվում Մոսկվայի կողմից: Բայց ռուսական իշխանությունը և ռազմական հրամանատարությունը ստեղծված իրավիճակում կարող են միայն վերբալ, այսինքն՝ բառերով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Մեր նյարդերն ամուր են, կդիմանանք, բայց ոչինչ չենք մոռանա», - «Կոմերսանտին» ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Բաքուն, թերևս, կոշտ կարձագանքի, բայց դժվար թե այս դժգոհությունները երկկողմ հարաբերություններում ճգնաժամի հանգեցնեն, ասել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն, հավելելով՝ ամենայն հավանականությամբ կարելի է ակնկալել, որ բանակցությունների մթնոլորտը և արդյունավետությունը կվատթարանան:

«Հայտնի էր, որ օգոստոսին Բրյուսելում ծրագրվում էր Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպումը։ Հիմա՝ այս միջադեպից հետո, այդ հանդիպումը կարող է կասկածի տակ դրվել», - «Կոմերսանտին» ասել է ադրբեջանցի քաղաքագետը:

Ռուսական պարբերականը փաստում է, որ վերջին սրացումներից առաջ Ռուսաստանի ղեկավարությունը հեռախոսազրույցներ էր ունեցել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների հետ, «սակայն, այդ զրույցները չօգնեցին խուսափել նոր լարվածությունից»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG