Մատչելիության հղումներ

Ադրբեջանի «խաղաղասիրական» հայտարարությունները աղերս չունեն իրական նպատակների հետ․ Արցախի ԱԳՆ


Արցախի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում

Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ, հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը՝ Ադրբեջանի գործողությունները որակելով «նացիստական քաղաքականության դրսևորում»։

Հունվարի 10-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան: Պաշտոնական Բաքուն հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանական բանակը «չի կրակել քաղաքացիական անձանց և օբյեկտների ուղղությամբ»: Ավելի ուշ Արցախի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում, իսկ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին՝ Շուշիի հատվածում ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։ Դեպքի կապակցությամբ Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։

Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է, հայտնում է Արցախի արտաքին գերատեսչությունը՝ շեշտելով՝ այն միտված է Արցախի հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։

«Նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը», - ասված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG