Զինծառայող Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գործը հարուցվել է զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով։
Կոմիտեն դեպքից որոշ մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ Ալեքս Ավանեսյանի դին հայտնաբերվել է երեկ Պաշտպանության նախարարության N զորամասի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքի խրամաբջիջներից մեկում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։
Նախնական տվյալներով, ինչպես քննչական է փոխանցում, տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով։
«Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ», - ասված է քննչականի հաղորդագրությունում։