Մատչելիության հղումներ

Երեք մահ ԶՈւ-ում խաղաղ պայմաններում. ըստ իրավապաշտպանի՝ բանակում անիշխանություն է


3 մահ բանակում՝ խաղաղ պայմաններում ու 15 օրվա ընթացքում։ Վերջին դեպքը 5 օր առաջ էր, երբ Պաշտպանության նախարարությունը գուժեց՝ դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել Շիրակի մարզի Բենիամին գյուղից Գրանիկ Խնկոյանը, որ այս տարվա հունվարին էր զորակոչվել։

Համայնքապետ Արտակ Անտոնյանն «Ազատությանը» փոխանցեց՝ ծնողներին ասել են, թե նախնական տվյալներով՝ Գրանիկն ինքնասպան է եղել: Գյուղում այս վարկածին չեն հավատում։

«Ուղեղի մեջ չի տեղավորվում էլի, որ ոնց կարող էր նման բան լինել, որ իր պապայի հետ խոսել է վերջին անգամ հեռախոսով, ընդամենը երկու ժամ հետո մեկ էլ լուրը ստացել են, որ մահացել է։ Ընտանիքն էլ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվել», - ասաց նա։

Դեպքից 5 օր անց Քննչական կոմիտեում դեռ պարզում են մահվան հանգամանքները։ Գյուղապետ Անտոնյանը հիշում է՝ մահից տասն օր առաջ զինվորն արձակուրդ էր եկել, գոհ էր ծառայությունից, ոչինչ չէր վկայում մոտալուտ ողբերգության մասին. - «Չի դժգոհել որևէ բանից։ Ասել է՝ ամեն ինչ նորմալ է եղել»։

Ռազմական գերատեսչությունը շիրակցի զինծառայողի մահվան մասին հայտնեց, եթե դեռ 24 ժամ էլ չէր անցել մեկ այլ գույժից։ Օգոստոսի 10-ին զինծառայող Ժորա Կարապետյանի դին էր հայտնաբերվել զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում։ Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ այս դեպքով ձերբակալվել են Ժորայի 2 համածառայակիցները։ Ըստ քննության նախնական տվյալների՝ զինվորին ինքնասպանության են դրդել։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայան՝ երկու դեպքն էլ տեղի է ունեցել նույն զորամասում: Քննչական կոմիտեից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին սա՝ ընդգծելով՝ որևէ զորամասի անուն պաշտոնապես չեն նշում։

«Մեր զինվորներն անմեղ զոհվում են, հեշտությամբ, որովհետև վերաբերմունքը զինվորի նկատմամբ զրոյական է։ Բանակի ղեկավարությունն այս իշխանությունների օրոք ընդհանրապես վերահսկողություն գոյություն չունի դիրքերում, զորամասերում, և մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում ոչ մարտական պայմաններում զինվորների մահերը», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Միայն այս տարվա առաջին կիսամյակում 54 զոհ՝ ոչ մարտական պայմաներում. բանակի խնդիրների մասին հաճախ բարձրաձայնող իրավապաշտպանն անուն առ անուն ծանոթ է պատմություններին։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի վիճակագրությունն էլ, որ հրապարակվել է օգոստոսի 3-ին, այսինքն՝ մինչև վերջին 2 դեպքը, փաստում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը գրեթե կրկնապատկվել է։ Ընդ որում՝ 15 զինվոր այրվեց մեկ գիշերում «Ազատի» զինվորական կացարանում բռնկված հրդեհից։

Իրավապաշտպանները կարծում են՝ բանակում անիշխանություն է։

«Մենք տեսնում ենք, որ մեկ օրվա մեջ երկու զինվոր է սպանվում, բայց մենք չենք լսում՝ նախարար գոյություն ունի՞, չունի՞, որևէ մեկը որևէ խոսք ասում է՝ արդյոք այցելե՞ց նախարարը զորամաս՝ պարզելու հանգամանքները, և մենք չենք էլ լսում, որ զորամասի հրամանատարը պատասխանատու է այդ զինվորների համար, մենք լսում ենք միայն, որ ձերբակալվել են հերթական շարքային զինծառայողներ։ Կարծես, այս բանակում միայն շարքային զինծառայողներ են ծառայում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, և չենք լսել, այսպես ասած, գերագույն գլխավոր հրամանատարին իշխանության գալուց և վեր՝ շատ լավ իմանալով՝ ինչ է կատարվում բանակում։ Եվ դրա համար բացարձակ անիշխանություն է բանակում», - ասում է Ժաննա Ալեքսանյանը։

Գրանիկ Խնկոյանի և Ժորա Կարապետյանի մահվան լուրից 15 օր առաջ էլ սպանվեց զինծառայող Մուրադ Գրիգորյանը. ՊՆ-ն նախ հայտարարեց, որ զինվորին ինքնասպանության են հասցրել, երեք օր անց խմբագրեցին՝ 18-ամյա Մուրադին սպանել է ծառայակիցը՝ վիրավորանքի պատճառով։

Մուրադն ապրում էր հայ-ադրբեջանական շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Վազաշեն գյուղում։ Ժաննա Ալեքսանյանն այցելել էր ընտանիքին, որը, նրա պնդմամբ, այդպես էլ որևէ բացատրություն չի ստացել պետական այրերից։

«Այս երեխայի սպանության համար գլխով պատասխանատու է Սուրեն Պապիկյանը։ Դուք միայն տեսնեք այդ գյուղի վիճակը, Դուք տեսնեք՝ այդ մարդիկ, որոնք իրենք անվտանգ վիճակում չեն, և իրենց երեխային են սպանում։ Մեկնումեկը այցելե՞լ է՝ տեսնի՝ այդ ընտանիքն ինչ վիճակում է», - հարցնում է իրավապաշտպանը։

Բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր ելույթներում բարձրաձայնում են, որ պաշտպանական ոլորտի բարեփոխումների բաղադրիչներից են զինվորների միջև կանոնադրային հարաբերությունների կարգավորումը, նրանց պայմանների բարելավումը։ Իրավապաշտպանների հետևությունն այլ է՝ եթե ինքնասպանության դեպքերը չեն նվազում, ուրեմն այդ բարեփոխումները որևէ արդյունք չեն տալիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG