Մատչելիության հղումներ

Բանակում տարբեր գործերի ինքնասպանության որակումները հաճախ կեղծ են. իրավապաշտպան


Վերջին մեկ ամսում ութ զինվոր է մահացել բանակում ոչ հակառակորդի կրակոցից։ Երկուսին, ըստ պաշտոնական վարկածի, սպանել են ծառայակիցները, երեքը ինքնասպան են եղել, մեկը հոսանքահարվել է, երկու զինվոր էլ նախօրեին զոհվեց ինժեներական աշխատանքներ անելիս՝ ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման հետևանքով։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նման վիճակագրություն չի հիշում. - «Ի՞նչ են ցույց տալիս այս մահերը, կա՞ բարեփոխում, որևէ մեկի մոտ կարո՞ղ է կասկած առաջանալ, թե բարեփոխում արվում է, թե չի արվում»։

Սպանությունների, ինքնասպանության հասցնելու գործերով մեղադրվում են ծառայակիցներ, երբեմն՝ վերադաս զինվորականներ։ Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ գործերը որպես կանոն պարտակվում են, ինքնասպանության որակումները՝ հաճախ կեղծ։

«Քյարամյանը առհասարակ՝ վարչապետի ամենավստահելիներից մեկը, ինքը չարաշահում է այդ պաշտոնը, այսինքն՝ ինչ ուզում, այն էլ ասում է, ինչ ուզում, վարկածն էլ ներկայացնում։ Այնքան ենք մենք արել այդ գործերը, մոտ երեք տասնյակ ինքնասպանություն որակված գործեր, որ որևէ մեկը չի եղել ինքնասպանություն, և օրինակ՝ երկու կրակոց ճակատից որակված է ինքնասպանություն։ Ընդ որում, ասում են, որ մի հատ կրակել է, զենքը գցել է, հետո տեսել է, որ չի մահանում, ճակատից կրակոց ինքնաձիգով կրակել է, երկու կրակոցը որակել է ինքնասպանություն։ Էս մարդուն ո՞նց կարելի է պահել այդ պաշտոնին», - նշեց նա։

Տարեսկզբին 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո բանակում նորից զինվորներ են զոհվում էլեկտրահարումից, տեխնիկական պայթեցումներից։

«Դրանից հետո չփոխել, որևէ բան չանել, չգիտեմ, բառեր չունեմ ասելու», - նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրար հաջորդող արյունալի մի քանի դեպքերից հետո Սուրեն Պապիկյանը օգոստոսի վերջին խորհրդակցություն է հրավիրել, խիստ ցուցումներ տվել՝ անհետաձգելի միջոցառումներ և ուսումնասիրություններ անել արատավոր բարքերը վերացնելու համար։ Զոհերի ընտանիքներին պաշտպանության նախարարը չի այցելել, հրապարակային խոսք չի ասել։

«Իսկ գիտակցո՞ւմ է, որ պաշտպանության նախարարի պաշտոնը շատ կարևոր մի պաշտոն է, պատասխանատվություն է առաջին հերթին, դու այդ խեղճ ու կրակ ընտանիքների տղաների կյանքերը որ խլում եք, գնացե՞լ ես զորամասում մի հատ տեսնես՝ ինչ է կատարվում, քեզ չի՞ հետաքրքրում, որ արդեն 60 զոհ ունենք տարեսկզբից մինչև հիմա։ Ի՞նչ եք մտածում, այդ աստիճանի՞ անտարբերութուն»։

Ի դեպ, հայկական կողմը մինչև օրս չի մեկնաբանել՝ արդյո՞ք ադրբեջանական անօդաչուի հարվածի պատճառով էր Վայոց ձորի Մարտիրոս գյուղում խոշոր հրդեհը։ Բաքուն պնդում է, որ այդ հատվածում հայկական զինվորական մեքենա է շարքից հանել, Երևանը միայն նշում է, որ զոհեր չունի։

XS
SM
MD
LG