Մատչելիության հղումներ

«Քայլ առ քայլ ազատագրվում են օկուպացված տարածքները». Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբ


Ուկրաինական զորքերի գլխավոր շտաբը հայտարարում է Մելիտոպոլի ուղղությամբ հարձակողական գործողության շարունակության մասին՝ «Քայլ առ քայլ ազատագրվում են օկուպացված տարածքները»։ Ամփոփման մեջ մանրամասներ չեն նշվում։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետները պնդում են, որ ուկրաինական ուժերը գրավել են Վերբովոյեի ռուսական պաշտպանական գծի խրամատների մի մասը։

Սա համարվում է ուկրաինական հարձակման հիմնական հարվածի ուղղությունը՝ Զապորոժյեի մարզում Օրեխով քաղաքից մինչև Տոկմակ՝ ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովման կենտրոն, Մելիտոպոլի ուղղությամբ։

Ուկրաինական զորքերը երկար մարտերից հետո ազատագրեցին Ռաբոտինո գյուղը, խրվելով ռուսական պաշտպանության մեջ Նովոպրոկոպովկա և Վերբովոյե գյուղերի միջև, որտեղով անցնում են ռուսական էշելոնային պաշտպանության առաջին գծի հիմնական ամրությունները՝ «Սուրովիկինի գիծը»: Ուկրաինական ուժերի բեկումը կարող է զգալիորեն բարդացնել ռուսական զորքերի պաշտպանությունը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության վերլուծության տնօրեն Թրենթ Մոլը գնահատել է Ուկրաինայի կողմից ռուսական պաշտպանության բեկման հավանականությունը 40-50%: Նա նշել է, որ և՛ Սերգեյ Սուրովիկինը, ով պաշտպանական գծեր է կառուցել, և՛ Եվգենի Պրիգոժինը, ում վարձկանները վերջին մեկ տարում Ռուսաստանի համար ամենամեծ հաջողությունն են գրանցել, այլևս չեն մասնակցում պատերազմին։ Միևնույն ժամանակ, զինամթերքի բացակայությունը և եղանակի վատթարացումը կբարդացնեն ուկրաինական առաջխաղացումը, հավելել է նա։ Ամեն դեպքում, արևմտյան փորձագետների ճնշող մեծամասնությունը համարում է, որ պատերազմը դեռ երկար է տևելու։

Այս ֆոնին Միացյալ Նահանգների պետքարտուղարը Կիևում հայտարարում է Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին. - «Մենք կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին։ Եվ այսօր մենք հայտարարում ենք ավելի քան 1 միլիարդ դոլարի նոր օգնության մասին, որը ներառում է 665,5 միլիոն դոլարի նոր ռազմական և քաղաքացիական անվտանգության աջակցություն: Ընդհանուր առմամբ, մենք տրամադրել ենք ավելի քան 43 միլիարդ դոլարի օգնություն ռուսական ագրեսիայի սկզբից ի վեր»։

Սպիտակ տունն էլ մանրամասնել է, որ գնության նոր փաթեթում զինամթերք է HIMARS-ների, Abrams տանկերի, Javelin հակատանկային համակարգերի համար, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր:

Պենտագոնի հրապարակած ցանկում ներառված են սպառված ուրանի պարկուճներ Աբրամսի համար (առաջին ամերիկյան տանկերը Ուկրաինա պետք է հասնեն առաջիկա շաբաթներին):

Այս տեսակի զինամթերքը նախատեսված է հիմնականում զրահատեխնիկայի դեմ պայքարի համար: Աղքատացված ուրանը բարձր խտության մետաղ է, որի օգտագործումը քննարկման առարկա է, քանի որ պայթյունը կարող է ռադիոակտիվ փոշի առաջացնել։ Ատոմային Էներգիայի միջազgաին գործակալությունը սակայն չի համարում, որ բնության մեջ ցրված ուրանի սպառված մնացորդները վտանգ են ներկայացնում հանրության համար:

Աղքատացված ուրանով արկեր Ուկրաինան արդեն ստանում է Մեծ Բրիտանիայից։

Այս գիշեր ռուսական ուժերը կրկի ռմբակոծել են Օդեսան։ Միևնույն ժամանակ գիշերը անօդաչւները կրկին հարվածել են Մոսկվայի մարզին, Բրայնսկին, Ռոստովին։ Ընդ որում, սարքերց մեկն ընկել է Դոնի Ռոստովի կենտրոնում՝ Հարավային ռազմական օկրուգի շտաբի մոտ։ Սա այն շտաբն է, որը գրավել էին «Վագների» վարձկանները տապալված ապստամբության ժամանակ։ Մարզի իշխանույթունները ասում են, թե վնասվել է շտաբի դիմացի շենքը։

Ռուսական ՀՕՊ-ը կարողանում է մեծամասամբ խոցել Մոսկվային կամ այլ քաղաքներին հարվածող անօդաչուները։

Այսօր ի դեպ հայտնի է դարձել որ կաշառք վերցնելու համար ձեռբակավել է Մոսկվան պաշտպանող ՀՕՊ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կոնստանտին Օգիենկոն։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

XS
SM
MD
LG