Մատչելիության հղումներ

Կրեմլն ու ռուսական ԱԳՆ-ը շարունակում են քննադատել Երևանին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Մոսկվան շարունակում է քննադատել Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի որոշումը։

«Ստեղծված իրավիճակում նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ու փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդմանը», - մի քանի ժամ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, ինչպես նաև մանրակրկիտ և կառուցողական աշխատանք ծավալել թե՛ Երևանի և թե՛ Բաքվի հետ», - պնդում է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Պեսկովից բացի, հայ-ռուսական հարաբերություններում ծագած ճգնաժամին վերջին 24 ժամերին Ռուսաստանի միանգամից երեք փոխարտգործնախարարներ են անդրադարձել։

«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի՝ ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի մյուս հարևաններին՝ տվյալ դեպքում Հայաստանին, իր ազդեցության արատավոր գոտի ներքաշելու փորձերը։ Ես, սակայն, վստահ եմ, որ հայ հանրությունը բավարար իմաստնություն, հեռատեսություն և միջազգային իրողությունների օբյեկտիվ ըմբռնման կարողություն ունի, որպեսզի ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու սադրիչ, հակառուսական և հակահայկական փորձերը հալած յուղի տեղ չընդունի», - ТАСС գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Հարավային Կովկասի հետ հարաբերությունները համակարգող ամենաբարձրաստիճան դիվանագետը՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը որևէ մեկին որևէ բան չի թելադրում, դրա հետ մեկտեղ՝ դիվանագետը չի թաքցրել իր դժգոհությունները։

«Բնական է, որ մենք մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այն իրողության վրա, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը հազիվ թե որևէ դրական արդյունք ունենա սեփական անվտանգության ապահովման հարցում», - նշել է Գալուզինը՝ եզրափակելով. - «Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը, հայ հանրությունը ամեն ինչ շատ լավ հասկանում են և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ շահերին համապատասխան ճիշտ հետևություններ կանեն»։

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալներից ևս մեկը՝ Սերգեյ Ռյաբկովը, Հայաստանի հետ հարաբերություններին անդրադարձել է այսօր, Բիշքեկ կատարած այցի ընթացքում։

«Հայաստանը ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցն է, և մենք համարել ու համարում ենք, որ դաշնակցային ոգուն համապատասխան պետք է զորավարժություններ անցկացնել այն երկրների հետ, որոնք այդ դաշինքի անդամ են», - հայտարարել է Ռյաբկովը։ Ռուսաստանցի դիվանագետի պնդմամբ՝ Մոսկվան իր դժգոհություններն արդեն իսկ փոխանցել է հայկական կողմին:

«Իհարկե, մենք Հայաստանում գտնվող մեր դաշնակիցների լրջագույն ուշադրությունն ենք հրավիրել այն փաստի վրա, որ այս ամենը մեր կողմից մտահոգության տարրերով է ընկալվում», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

«Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը մեծագույն պատրանք է», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալներից ևս մեկը՝ Ալեքսանդր Գրուշկոն։

«Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր ռազմական և քաղաքական գործակցությունը։ [Հայաստանը] մեր դաշնակիցն է, և անվտանգության ասպարեզում մենք փոխադարձաբար հենվում ենք մեր կարողությունների վրա։ Ես վստահ եմ, որ այդ մշտական իրողությունը առաջիկա տարիներին ևս որոշիչ դեր կխաղա մեր երկկողմ հարաբերություններում», - հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

XS
SM
MD
LG