Մատչելիության հղումներ

Մոսկվան իսկույն անհանգստություն է հայտնում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության անգամ թվիթերյան գրառման կապակցությամբ


Հայաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ
Հայաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ

«Հայ ժողովուրդը բավականաչափ իմաստություն ունի, որպեսզի տուրք չտա ՆԱՏՕ-ի փորձերին՝ հանրապետությունը ներքաշելու դաշինքի ազդեցության ոլորտ», - պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ խոսքն ուղղելով ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ ժողովրդին ու հանրությանը։

«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի փորձերը՝ իր վնասակար ազդեցության ոլորտ ներքաշել ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի մյուս հարևաններին, տվյալ դեպքում՝ Հայաստանին։ Համոզված եմ՝ Հայաստանի հանրությունը, Հայաստանի ժողովուրդը բավականաչափ իմաստություն, հեռատեսություն ունի՝ օբյեկտիվ հասկանալու ժամանակակից միջազգային իրականությունը, որպեսզի չտրվի ՆԱՏՕ-ի այդպիսի սադրիչ, հակառուսական ու հակահայկական փորձերին՝ ներքաշելու Հայաստանը իր ազդեցության ոլորտ», - հայտարարել է ռուս բարձրաստիճան դիվանագետը:

«Մենք ոչ ոքի ոչինչ չենք թելադրում։ Բայց մենք, բնականաբար, մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում, որ ՆԱՏՕ-ին մերձենալը դժվար թե որևէ մեկի համար դրական արդյունք ունենա սեփական անվտանգությունն ապահովելու առումով», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը և կրկին համոզմունք հայտնել, որ Հայաստանի ժողովուրդն այդ ամենը հրաշալի հասկանում է և Հայաստանի երկարաժամկետ անվտանգության շահերին համապատասխանող ճիշտ եզրակացություններ կանի։

Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ է անցկացնելու իր տարածքում։ Անցած երկուշաբթի օրը որպես «ՆԱՏՕ-ի զարգացման եվրոպական կոմիտեի նախագահ» ներկայացող Գյունտեր Ֆելինգերն ասել էր, որ Հայաստանին հարկ է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Հայաստանին կոչ եմ անում միանալ ՆԱՏՕ-ին», - X (նախկին Twitter) սոցցանցում գրել էր ավստրիացի գործիչը։

ՆԱՏՕ-ի որևէ պաշտոնյա այս օրերին Հայաստանին կոչ չի արել միանալ կառույցին
please wait

No media source currently available

0:00 0:01:05 0:00

Ռուսաստանի մեկ այլ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը մեծ ֆանտազիա է համարել։

«Դա մեծ ֆանտազիա է, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և մենք ելնում ենք իրականությունից», - ասել է Գրուշկոն՝ հավաստիացնելով, թե Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը։ «[Հայաստանը] մեր դաշնակիցն է նաև անվտանգության ոլորտում, և մենք ապավինում ենք միմյանց։ Ես համոզված եմ, որ այս կոնստանտը մեր երկկողմ հարաբերությունների որոշիչն է լինելու տարիներով ու գալիք շատ տարիներ», - հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը որևէ կերպ բացասաբար չի արձագանքել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Ադրբեջանի սերտ համագործակցությանը։ Նրանց միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել, ռազմարդյունաբերության համատեղ ճյուղեր են հիմնվել, տարվա մեջ մի քանի անգամ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ է անցկացնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, և Մոսկվան միշտ ասել է, թե Ադրբեջանի ինքնիշխան գործն է՝ որոշել ում հետ համագործակցի։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո արդեն Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեպքում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ՀԱՊԿ-ը, որոնք Հայաստանի հետ անվտանգային մի շարք համաձայնագրեր ունեն ստորագրած, չեն կատարում իրենց պարտավորությունները, բայց յուրաքանչյուր առիթով ստեղծված իրավիճակը բարդում են Հայաստանի վրա և սուր արձագանքում իրենցից դուրս համագործակցության հնարավորություններ փնտրող Երևանի ցանկացած փորձին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG