Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը Ուկրաինային կփոխանցի Աննա Հակոբյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է Ուկրաինայի առաջին տիկնոջ նախաձեռնությամբ կազմակերպած Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին։

Հակոբյանն արդեն լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքում՝ հայտնելով, որ օրը սկսվել է պատերազմում զոհված երեխաների հիշատակը ոգեկոչող «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ։

«Ազատության»-ը երեկ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Ակնկալվում է, որ այն հենց Աննա Հակոբյանը կփոխանցի։

Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքը ու ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, դեռ պաշտոնապես չի հայտարարվում։ Ինքը Հակոբյանը, ով բարեգործական «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ևս այս մասին որևէ հրապարակում չի արել։

Ի՞նչ ազդեցություն կունենա այս ամենը հայ-ռուսական լարված հարաբերությունների վրա։ Հատկապես վերջին մի քանի օրվա ընթացքում կողմերի մեղադրանքներն է'լ ավելի են ինտենսիվացել։ Պաշտոնական Մոսկվան արդեն երեկ կոշտ բառապաշար էր օգտագործում՝ «բռիություն» որակելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի քննադատությունը և կոպտելով հենց Փաշինյանին։

Քաղաքական վերլուծական շրջանակներում ընդունում են, որ Ուկրաինա մեկնելու և օգնություն առաջարկելու քայլը ռուս-հայկական հարաբերություններն է'լ ավելի կապակայունացնի։ Տարբեր են սակայն եզրահանգումները։

Սա Երևանի մեկուսացումը մեղմելու միջոց է. Արեգ Քոչինյան

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Իսկ ի՞նչ անի այդ դեպքում Երևանը, երբ ռազմական դաշնակցի աջակցությունը պարզապես չկա, հարց է բարձրացնում քաղաքետ Արեգ Քոչինյանը՝ ընդգծելով, որ սա Երևանի մեկուսացումը մեղմելու միջոց է. - «Որը արդյունք է հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամակցության, հատկապես Ադրբեջանի կողմից իրավիճակը ապակայունացնելու և լարելու փորձերին զուգահեռ։ Այսինքն՝ Երևանը փորձում է հաղթահարել քաղաքական մեկուսացումը և ստանալ որոշակի միջազգային աջակցություն Ադրբեջանի ապակայունացնող քաղաքականությանը զուգահեռ»։

Հայաստանի այս պահվածքը բացահայտ արկածախնդրություն է. Արմեն Բաղդասարյան

Մինչդեռ քաղաքական վերկուծաբան Արմեն Բաղդասարյանը լրջագույն վտանգներ է տեսնում աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում առաջին տիկնոջ Կիև մեկնելու և հումանիտար օգնություն ցուցաբերելու քայլի մեջ՝ որակելով այն բացահայտ արկածախնդրություն։

Արմեն Բաղդասարյան
Արմեն Բաղդասարյան

Ըստ վերլուծաբանի, հարցն առհասարակ չպետք է դիտարկվի՝ արդյո՞ք Ռուսաստանը լավ դաշնակից է, թե վատ. - «Իրականում բոլորն էլ գիտեն, որ Ռուսաստանը անտանելի, վատ, անհուսալի դաշնակից է։ Բայց Ռուսաստանը շատ վտանգավոր թշնամի է, կարող է լինել շատ վտանգավոր թշնամի։ Մեր դեպքում, մեր խոցելի վիճակի դեպքում Ռուսաստանը ունի մեզ թշնամություն անելու և' լծակներ, և' գործիքներ, և խոսքը առաջին հերթին արտաքին ագրեսիա հրահրելու մասին է Հայաստանի նկատմամբ։ Եվ երբ Հայաստանի իշխանությունները կատարում են ինչ-որ քայլ, որի ամենահավանական հետևանքը կարող է լինել նոր պատերազմը, ուրեմն կամ էդ իշխանությունները պիտի նախօրոք պատրաստված լինեն այդ պատերազմին, կամ պիտի հուսալի երաշխիքներ ստացած լինեն, որ նման բան չի լինի։ Հայաստանը նոր պատերազմին ակնհայտորեն պատրաստ չի, և չեմ կարծում, որ կա ուժային ինչ-որ կենտրոն, որը կարող էր Հայաստանին այդպիսի երաշխիք տալ։ Հետևաբար Հայաստանի այս պահվածքը բացահայտ արկածախնդրություն է»։

Ե'վ Քոչինյանը, և' Բաղդասարյանը մի հարցում համակարծիք են՝ այս քայլը կարող է դրդել Կրեմլին սրել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, հրահրել նոր պատերազմ։

Արեգ Քոչինայնաը թեև հասկանում է, որ երաշխքի չկա, թե Հայաստան-Արևմուտք ջերմացումը որևէ էական դրական փոփոխություն կբերի հայ-ադրբեջանական հարաբերություններում, այդուհանդերձ այլընտրանք չի տեսնում. - «Որևէ պրակտիկ քաղաքականություն վարելու հնարավորություն չունենք, որովհետև առաջինը, Ռուսաստանը չի ուզում հայ-ադրբեջանական լարման կանխարգելում, որովհետև չի ստացել դեռևս Հայաստանից այն, ինչ որ ինքը ցանկանում էր ստանալ դա կանխարգելելու համար։ Եվ երկրորդը, չի բացառվում, որ չի էլ կարողանում կանխարգելել հետագա լարումը։ Այսինքն՝ պայմանական ասած՝ Հայաստանը, տեսնելով, որ իրավիճակը գնում է դեպի ապակայունացում, փորձում է պրոակտիվ արտաքին քաղաքականություն վարել էդ ապակայունացումը կանխարգելելու համար»։

է"լ ավելի վատթարացնելով հարաբերությունները Ռուսասատնի հետ ավելի մոտ չենք դառնում Արևմուտքին, հակադարձում է Բաղդասարյանը և պատկերավոր բացատրում՝ ազատատենչությունը ինքնասպանություն չի ենթադրում. - «Երբ մեկը բանտի շենքի հինգերորդ հարկից իրեն նետում է ուղիղ փշալարերի վրա, դա ոչ թե ազատատենչություն է, այլ հիմարություն։ Ընդ որում, անհատը կարող է թույլ տալ իրեն էդպիսի հիմարություն կամ արկածախնդրություն, բայց պետությունը, պետության ղեկավարը իրավունք չունի»։

Ուկրաինայի առաջին տիկնոջ կազմակերպած գագաթնաժողովին այս տարի մասնակցում են նաև Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Չեխիայի, Դանիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, Եվրամիության բարձրաստիճան կին պաշտոնյաներ, անվանի լրագրողներ, հայտնի դերասաններ: Հայաստանի առաջին տիկնոջից բացի, բանախոսների թվում են նաև Մեծ Բրիտանիայի, Ալբանիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Չեխիայի առաջին տիկինները, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Շվեդիայի թագուհին և այլոք։ Այս տարվա գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է։

XS
SM
MD
LG