Մատչելիության հղումներ

Ֆրանսիական հումանիտար բեռը Երևանից շարժվեց դեպի Կոռնիձոր


Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանությունների ուղարկած հումանիտար բեռը՝ 10 բեռնատարներով այսօր վաղ առավոտյան Երևանի հանրապետության հրապարակից շարժվել է դեպի Կոռնիձոր՝ այնտեղից Արցախ ուղևորվելու համար։

Շարասյունն ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Նա թվիթերյան իր էջում նաև ֆրանսիական պատվիրակության հետ լուսանկար է հրապարակել՝ ուղեկցելով հետևյալ գրառմամբ․ - «Հայաստանում ենք՝ Փարիզի և այլ տեղական իշխանությունների ընտրված պաշտոնյաների հետ: Ինը ամիս է՝ Արցախի 120 հազար հայերը, որոնցից 30 հազարը՝ երեխաներ, մեկուսացված են, մատնված սովի, զրկված ամեն ինչից: Հումանիտար այդ աղետին դեմ հանդիման մենք նրանց համար հրատապ օգնություն ենք տանում: Ժամանակը հաշվված է»:

Կովկասում Ֆրանսիայի գործունեությունը լուսաբանող Caucasefrance.com կայքը երեկ տեղեկացրել էր, որ Փարիզի քաղաքապետը կժամանի Հայաստան և Երևանից կուղեկցի հումանիտար բեռները դեպի Լաչինի միջանցք: Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական պատվիրակության կազմում են նաև Ֆրանսիայի Սենատի անդամ Բրյունո Ռետայոն, Օ-դը-Ֆրանս շրջանի ղեկավար Քսավիե Բերտրանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը և այլք:

«Մենք կփորձենք տեղ հասցնել առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 10 բեռնատար», - երեկ ասել էր Մարսելի քաղաքապետ Միշել Ռյուբիրոլան:

Ֆրանսիական օգնությամբ առաջին բեռնատարները Կոռնիձորում են դեռևս օգոստոսի 9-ից, որտեղ հուլիսի 26-ից սպասում է նաև Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը․ Ադրբեջանը թույլ չի տալիս Լաչինի միջանցքով բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

XS
SM
MD
LG