Մատչելիության հղումներ

Մակրոն․ Այլևս դիվանագիտության ժամանակը չէ, Ֆրանսիան պետք է պահպանի ճնշումը հումանիտար հասանելիության առումով


Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին․ Figaro-ի այս տեղեկությունը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։

Չմեկնաբանելով ֆրանսիական պարբերականի հրապարակած տեղեկությունը՝ դեսպանությունը միայն հղում արեց «Լը Փուէն» ֆրանսիական պարբերականին նախագահ Էմանյուել Մակրոնի նախօրեի հարցազրույցին՝ ասելով՝ որևէ այլ մեկնաբանություն չունեն։

Խոսելով Արցախի գրեթե ինը ամիս շարունակվող շրջափակումից՝ այդ հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է՝ այլևս դիվանագիտության ժամանակը չէ, Ֆրանսիան պետք է պահպանի ճնշումը հումանիտար հասանելիության առումով, և իրենք շարունակում են օգտակար նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի կենսական անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ ուղարկեն ու ազատ մուտք ապահոեն դեպի Լեռնային Ղարաբաղ։ Բայց թե ի՞նչ նախաձեռնության մասին է խոսքը, արդյոք հենց բանաձևի, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ֆրանսիայի նախագահը չի մանրամասնել։

Էմանյուել Մակրոնը, սակայն, ձեռնպահ է մնացել Արցախում այսօրվա իրավիճակի վերաբերյալ միջազգային փորձագետների կողմից օգտագործվող «ցեղասպանություն» տերմինը գործածել։

«Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովուրդների ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության առումով։ Ես չեմ կարող հետևել այս հարցում կոշտ գծի կողմնակիցներին։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատվի, և ժողովուրդների ու մշակույթների ապահովություն գտնվի։ Այդ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համահունչ լինի միջազգային իրավունքին», - ասել է նախագահ Մակրոնը։

Թե երբ է պատրաստվում Ֆրանսիան Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել, ֆրանսիական Figaro-ն չի մանրամասնել, միայն ընդգծել է՝ 120 հազար կանանց, երեխաների և տղամարդկանց կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է:

Պաշտոնական հաստատում այս պահին չկա, Հայաստանի ԱԳՆ-ն ևս չի մեկնաբանել ֆրանսիական պարբերականի տեղեկությունը։

Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ հրատապ վերջին նիստից հետո որևէ բանաձևայդպես էլ չշրջանառվեց, անգամ հայտարարություն չընդունվեց, պաշտոնական Երևանը միայն հայտնեց, թե կշարունակի աշխատանքը ՄԱԿ-ի ԱԽ-ում և միջազգային այլ հարթակներում։

ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն խորհրդի 15 անդամները՝ 5-ը մշտական են, նրանց թվում նաև Ֆրանսիան, 10-ը ընտրվում են երկու տարի ժամկետով։

ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևն ընդունվում է կամ կոնսենսուսով, կամ կամ առնվազն ինը ձայնով, եթե մշտական 5 անդամներից որևէ մեկը դեմ չի քվեարկում՝ վետո չի դնում։

«Գլխավորն այդ հնգյակի դիրքորոշումն է»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ֆրանսիան կարող է բանաձև ներկայացնել, բայց ընդունվելու հավանականությունը այս պահին գրեթե զրոյական է համարում, եթե, իհարկե, Փարիզը աշխատանք չկատարի ԱԽ մշտական մյուս չորս անդամների հետ։

«Երբ կան մտահոգություններ, բայց նույնիսկ գործնական քայլերի մասին հայտարարություններ չկան, գուցե հենց Ֆրանսիայի բացառությամբ փոքրիշատե, մենք այս իրավիճակում, իհարկե, շատ անիրատեսական կդիտարկենք՝ իրավիճակի վրա գործունակ ազդեցություն թողնելու միտված բանաձև կարող է ընդունվել։ Եթե Ֆրանսիան չի կատարի այնպիսի մի աշխատանք, որ կկարողանա գտնել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի և Բրիտանիայի ընդհանուր մոտեցումներ, հասկանում ենք, որ գլխավորն այդ հնգյակի դիրքորոշումն է, եթե այդ հնգյակը գա որևէ ընդհանուր դիրքորոշման, մյուս ոչ մշտական անդամները հազիվ թե դիմադրեն այդ մոտեցմանը», - ասաց նա։

Արցախն ամբողջությամբ պաշարված է արդեն 2 ամսից ավելի՝ զրկված անգամ սննդի, դեղորայքի, վառելիքի մատակարարումներից։ Ֆրանսիան ադրբեջանական շրջափակումը դատապարտած այն եզակի երկիրն է, որը փորձեց նաև հումանիտար օգնություն հասցնել Արցախ։ Արցախցիներին այդպես էլ չհասած հայկական բեռնատարների կողքին Կոռնիձորում արդեն մեկ շաբաթից ավելի նաև ֆրանսիական բեռներն են կանգնած՝ «Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների մարդասիրական օգնությունը Արցախին» գրությամբ։

Նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել էր լուրերը, թե Վաշինգտոնն է խոչընդոտում ՄԱԿ-ի ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Արտգործնախարար Արարատ Միզոյանն էլ, նույն լուրերը մեկնաբանելով, ասել էր՝ չի կարծում, թե ԱՄՆ-ը որևէ ձևով կցանկանա մաս կազմել էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը։
XS
SM
MD
LG