Մատչելիության հղումներ

Ովքե՞ր ու ինչո՞ւ են պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը


Երկրորդ օրն է՝ Արցախի նախագահականից չեն արձագանքում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պնդումներին, թե իբր նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի խոստում է տվել ու չի կատարել։

Հարությունյանի խոսնակն այսօր «Ազատությանն» ասաց, որ այդ հարցով արձագանք չի լինելու: Մինչ այդ իշխող ուժից հերքել էին տեղեկությունը, ավելին՝ ասել, որ անցած հինգշաբթի նախագահն իր թիմակիցներին ասել է՝ չի հեռանալու։ Ընդդիմադիր «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն էլ պնդեց՝ հրաժարականի պահանջ չկա, այդ միտքը միտումնավոր է շրջանառվում, հեռուն գնացող նպատակներով։

«Արհեստածին մտահղացում է, որը ներմուծվում է հանրության մեջ այն շրջագայելու հնարավորություն ստեղծելու նպատակով, որը, կարելի է ասել, ես ավելի քան համոզված եմ դրանում, շարունակություն ոչ միայն չի ունենալու, այլև դա հնարավոր չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Վահրամ Աթանեսյանի համոզմամբ՝ խմորումների պատճառը տարաձայնություններն են խնդրի կարգավորման տարբերակների վերաբերյալ

Քաղաքական ուժերի լռության կամ կցկտուր ակնարկների ֆոնին՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը երեկ կրկին պնդեց, թե օրեր առաջ իր կողմից հրապարակված փաստաթուղթը, որ վերագրվում էր Ռուսաստանի արտգործնախարարին, իրական է և պաշտոնապես դրվել է բանակցությունների սեղանին։ Նախագիծը վերնագրված է՝ «Ադրբեջանի ԽՍՀՄ Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչության անվտանգության ու իրավունքների մասին՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համապատասխան»։ Մի քանի էջանոց փաստաթղթում, մասնավորապես, նշվում է՝ ինչ իրավունքներ կարող են ունենալ Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով։

Արցախցի հրապարակախոս, նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի համոզմամբ՝ ներքին խմորումների պատճառը իրականում տարաձայնություններն են՝ խնդրի կարգավորման տարբերակների կամ կարգավորումից ընդհանրապես հրաժարվելու վերաբերյալ. - «Ներքաղաքական խմորումներն սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ից, երբ դեռ ռուսական խաղաղապահ զորախումբը չէր մտել Արցախ, չէր տեղաբաշխվել, Ազգային ժողովի երեք խմբակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցություն, հանդես են եկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հայտարարությամբ, այսինքն՝ պատերազմը դեռ չավարտված՝ հրադադարի համաձայնագիրը դեռ ուժի մեջ չմտած, մարդիկ դրել են Արցախի նախագահի հրաժարականի պահանջ, և անցած ամբողջ այդ ընթացքում այդ հարցը եղել է օրակարգում»։

Վահրամ Աթանեսյանը ենթադրում է՝ Հարությունյանին հրաժարականի պահանջ է ներկայացվել, որին նախորդել էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում դաշնակցական Դավիթ Իշխանյանի նշանակումը։ Աթանեսյանի կարծիքով՝ նախագահ Հարությունյանն Իշխանյանի խորհրդարանի ղեկավար նշանակելու քայլին նախկին նախագահների ու Դաշնակցության ճնշմամբ է գնացել։

Ընդդիմության նպատակն, ըստ հրապարակախոսի, Հարությունյանի հրաժարականը պարտադրելն է, Իշխանյանին էլ՝ Արցախի նախագահ նշանակելը։ Ըստ անցած տարի կատարված փոփոխությունների՝ ռազմական դրության ժամանակ նախագահի հրաժարականի դեպքում երկրի ղեկավարն ընտրվում է խորհրդարանի կողմից։ Արցախում մինչ օրս ռազմական դրություն է հայտարարված։

«Ի՞նչ պետք է անեն, ասենք՝ Դավիթ Իշխանյանը երկրի նախագահի պաշտոնակատարի կարգավիճակում ի՞նչ պետք է անի, բայց քարտերը չեն բացում, հանրությանը չի ներկայացվում, թե կոնկրետ ինչ են անելու՝ համախմբում, մեծ բռունցք դառնան, համազգային զորաշարժ անցկացնել, չգիտեմ՝ սրանք բառեր են, որոնք Ստեփանակերտում կրակում են արդեն երեք տարի, և այդ կրակոցները ոչ միայն փուչ են, այլև Ադրբեջանի հակառակ ռեակցիան են հարուցում և ավելի են բարդացնում իրավիճակը», - նշեց նա։

Աթանեսյանը Արցախում ստեղծված իրավիճակը պայմանավորում է նաև հենց այդ ներքին տարաձայնություններով։ Պնդում է, որ Արայիկ Հարությունյանին, այդ թվում՝ Արցախի նախկին երկու նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, թույլ չեն տվել իրացնել իր սահմանադրական լիազորությունները. - «Նշանակի այն անձին պետական նախարար, ում ինքը նպատակահարմար է գտնում, կառավարություն ձևավորի այն անձանցից, ում ինքը նպատակահարմար է գտնում, վստահում է, և այստեղ բազմաթիվ այլ հարցեր»։

Աթանեսյանը ենթադրում է՝ մեկ տարի առաջ նաև հենց Վարդանյանի պատճառով է ձախողվել ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակներից մեկը, որով, ըստ հրապարակախոսի, առաջարկվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հայաբնակ բնակավայրերից մեկ վարչական շրջան ստեղծել: Դա պետք է ունենար ադմինիստրացիա և դրան կից ներկայացուցչական մարմին։ Թե ում կողմից է նման առաջարկ արվել, Աթանեսյանն ասաց՝ չգիտի. - «Որոշի շրջանակներ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Երևանում համարել են, որ Արայիկ Հարությունյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «հանձնում են» Արցախը։ Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ է գործուղվել, որպեսզի այդ ծրագիրը, այդ գաղափարը ձախողվի, և հաջողությամբ իրականացրել է իր առաքելությունը։ Գաղափարը հանվել է շրջանառությունից, հետագայում ինչ իրադարձություններ են հաջորդել, թվարկել պետք չէ՝ մարդը նշանակվել է Արցախի պետական նախարար, մեկ ամիս հետո Լաչինի միջանցքը փակվել է։ Եվ այդ Լաչինի միջանցքի փակումը վերացնելու բոլոր փոխընդունելի առաջարկությունները մերժվել են»։

Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձում նաև պնդել էր, թե Արայիկ Հարությունյանը ասել է, թե իրեն ճնշում են, որ չհեռանա, խոսել էր Ազգային ժողով մտած աշխարհազորից։ «Ազատության» հետ զրույցում նաև խորհրդարանական ընդդիմությունից էին հաստատել՝ Ազգային ժողով են մտել աշխարհազորի մի խումբ մարտիկներ ու հարց բարձրացրել՝ ո՞վ է պահանջում Հարությունյանի հրաժարականը, հայտարարել, որ նման պահանջ որևէ պատգամավոր չի կարող ներկայացնել։

Արայիկ Հարությունյանի գրասենյակը աշխարհազորի հետ հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակել էր, բայց դրանում մանրամասներ չկային, նշվում էր միայն, թե քննարկել են պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG