Մատչելիության հղումներ

Արցախի հարցով «Լավրովի առաջարկները պարունակող» փաստաթուղթ է հրապարակվել. պաշտոնական արձագանք դեռ չկա


Պաշտոնական Երևանը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի այսօր հրապարակած փաստաթուղթը, որ ըստ նրա՝ պարունակում է հուլիսի 25 -ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկները Արցախի հարցով:

Հուլիսի 25 -ին Մոսկվայում Լավրովը հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, ապա նաև եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել: Ադրբեջանի արտգործնախարարին ընդունելով Մոսկվայում՝ Լավրովը հայտարարել էր, որ ի լրումն արդեն ստորագրված հայտարարությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ առանց դրանց բովանդակության մասին մանրամասներ ներկայացնելու:

Տիգրան Պետրոսյանի այսօր հրապարակած և Լավրովին վերագրվող փաստաթուղթը վերնագրված է հետևյալ կերպ՝ «Խորհրդային Ադրբեջանի նախկին Ինքնավար Մարզ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքներն ու պարամետրերը Ադրբեջանի օրենսդրության համաձայն» և պարունակում է 14 կետ:

Դրանցում նշվում է, որ հայ բնակչությունը պետք է հավասար իրավական պաշտպանություն ունենա և խտրականության չենթարկվի ոչ լեզվի, ոչ ազգային, ոչ կրոնական հիմքով, չպետք է բռնի կամ ոչ կամովին տեղահանվի, հայերը չպետք է հետապնդվեն տեղական իշխանության կամ զինված միավորումների մաս կազմած լինելու համար, բացառությամբ դատական կարգով ռազմական հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչվածների:

Առաջարկներում նշված է, որ հայ բնակչությունը պետք է համամասնորեն մաս կազմի Ադրբեջանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությանը, այդ թվում՝ Ադրբեջանի դատախազությունում և ոստիկանությունում ու մասնակցի հայ բնակչությանը վերաբերող որոշումների կայացմանը:


Հայերենը պետք է ազատ օգտագործվի ադրբեջաներենի հետ պաշտոնական գրագրութան մեջ և հանրային վայրերում,
հայերի մասնավոր ունեցվածքի անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվի, պիտի ապահովվի հայերի կրոնական ազատությունը, տարրական դասարաններից մինչև բուհ հայերենով կրթությունը, պահպանվի հայկական մշակութային և ազգային ինքնությունը։

Նշված է, որ պետք է առանձին համաձայնագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի համաձայն՝ կապահովվեն Խորհրդային Ադրբեջանի Ինքնավար Մարզ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և Հայաստանի սերտ կապերը, պետք է ապահովվի նաև հայ բնակչության հումանիտար և տնտեսական օգնության անխոչընդոտ ստացումը դրսից:

Օրվա ընթացքում ոչ Արցախի արտգործնախարարությունից, ոչ Հայաստանի արտգործնախարարությունից ոչ մի կերպ չարձագանքեցին՝ արդյոք իրականությանը համապատասխանում է արցախցի գործչի հրապարակած փաստաթուղթը: Ինքը՝ Տիգրան Պետրոսյանը ևս զանգերն անպատասխան թողեց: Սակայն, փաստաթղթի հրապարակումը Ֆեյսբուքում Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահը ուղեցել է հետևյալ գրառմամբ։

«Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում…
Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները… Սպասենք… » ,- գրել է Պետրոսյանը։


Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է՝ այս արտահոսքը տեղի է ունենում, քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրջ շատ ակտիվ գործընթաց է ծավալվում. - «Ինչ վերաբերում է այն տեքստին, որ արտահոսք է եղել, նույնիսկ եթե ենթադրենք, որ դա ճիշտ է, և այդպիսի տեքստ իրոք գոյություն ունի, և որ իրոք ռուսական կողմի առաջարկն է, այնտեղ բացակայում է գլխավորը. նկարագրված չեն տեխնոլոգիաները, թե ինչպես է այս գրվածը երաշխավորվելու, ինչպես են կատարվելու այս կետերը, ով է վերահսկելու, և ինչ մեխանիզմ է գործելու: Առանց այս հարցերը հստակեցնելու այս տեքստն առանձնապես իմաստ չունի:

Պարզ է, որ շատ փաստաթղթեր են շրջանառվում, բայց դիվանագետների մոտ մի ընդունված սկզբունք կա՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ: Նույնիսկ եթե ընդունենք, որ այս տեքստն իրականություն է, այն կարող է ոչինչ չնշանակել, քանի դեռ մենք չենք տեսնում, թե ինչպես է զարգանում գործընթացը, իսկ գործընացը դեռ շատ երկար է զարգանալու»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ պարզ չէ ինչի հետ գործ ունենք, ներկայացվածն առաջարկ է, թե սևագիր, ինչ կարգավիճակ ունի։

«Այդ բովանդակությունը, բնականաբար, անընդունելի է թե Երևանի, թե Ստեփանակերտի համար, այդ ներկայացված լուսանկարում բովանդակությունը փաստացի Արցախի լուծարման մասին բովանդակություն է, բայց կրկնեմ՝ պետք է հասկանանք, թե իրականում ինչի հետ գործ ունենք», - ասաց նա։

Հակոբ Բադալյանը, սակայն, ուշագրավ է համարում այն ժամանակահատվածը, որում տեղի է ունենում այս արտահոսքը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սպասվող քննարկումից ժամեր առաջ և Բայրամով-Լավրով հեռախոսազրույցից հետո։

«Ընդ որում՝ հանրայնացված այդ քայլը ուղեկցվել է գրառումով, որ Պուտինը կարող է, հնարավորություն ունի փոխել վերաբերմունքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, այսինքն՝ այստեղ առնվազն հետևյալ հարցն է առաջանում՝ արդյոք ակնարկ կա, թե Արտգործնախարարությունը ամբողջական տեղեկատվություն չի փոխանցում Պուտինին, և այս իմաստով ինչ-որ տարբեր խաղեր են ընթանում, և փորձ է արվում ուշադրություն գրավել այդ կերպ։ Համենայն դեպս, այս հարցն առաջանում է, թեպետ բնականաբար, իր հերթին հարց կա՝ մի՞թե Ռուսաստանի ԱԳՆ-ն կարող է այսպես սկզբունքորեն Պուտինից տարբեր ինչ-որ գործողություններ իրականացնել կամ Պուտինից թաքուն ինչ-որ գործողություններ իրականացնել։ Եվ միևնույն ժամանակ եթե կա ուղիղ ակնկալիք, ապա հարց է առաջանում՝ եթե օրինակ՝ Ռուսաստանի քաղաքականությունը չի փոխվում, այդ դեպքում ի՞նչ է անում Արցախը, կամ ի՞նչ է անում հայկական կոմղն ընդհանրապես, եթե գործ ունենա այդպիսի բովանդակային առաջարկի հետ»։

XS
SM
MD
LG