Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ը ՄԱԿ ԱԽ-ում և այլ հարթակներում կշարունակի աշխատանքը Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ


ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից գրեթե 2օր անց որևէ հայտարարություն չի տարածվել կամ բանաձև ընդունվել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, իսկ Երևանը առանց հստակության հայտարարում է՝ Հայաստանը շարունակելու է աշխատանքները միջազգային կառույցներում, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

ԱԳՆ-ն հավելում է՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի քարոզչությանը, գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը:

«ՄԱԿ ԱԽ ձևաչափով արդեն երկրորդ քննարկման ժամանակ հնչած գնահատականներն ու Ադրբեջանին ուղղված հասցեական ուղերձները լրացնում էին մինչ օրս տարբեր կառավարությունների, միջազգային կառույցների կողմից արտահայտված դիրքորոշումները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել` չիրականացնելու իր պարտավորությունները և, երկարաձգելով հումանիտար ճգնաժամը, ներառյալ սովամահության միջոցով, էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին», - ասված է Արտգործնախարարության հայտարարությունում։

ԱԽ նիստին հաջոդած զարգացումներց նաև հայտնի է, որ այսօր արտգործնախարար Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ, կրկին ընդգծել է, որ միջազգային համակարգի պատասխանատու ղեկավարները չպետք է թույլ տան աղետ Լեռնային Ղարաբաղում։

Անվտանգության խորհրդին դիմելիս, մինչդեռ, իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ Երևանը ամիսներով պատրաստվել է այս քայլին և Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի բանաձևը։

«Լավագույն սցենարը բանաձևն է, որը Լաչինի միջանցքը կբացի ու որևէ այլ հարց չի քննարկի, ինչի մասին, օրինակ, խոսում է Օսկանյանը և էլի այլ սցենարներ կան: Բայց նվազագույնը հիմա մենք ունենալու ենք քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ շատ դժվար է մեղադրել Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին որևէ հարցում», - ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Կդրվի՞ արդյոք առաջիկայում բանաձևի նախագիծ շրջանառության մեջ, թե՝ ոչ, դեռ պարզ չէ, խոսակցություն չկա նաև միջազգային փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու մասին։

Ընդդիմադիրները համարում են, որ հայկական կողմը ձեռքբերումներ չունեցավ ԱԽ-ին դիմելով

Այս ֆոնին ընդդիմադիրները համարում են, որ հայկական կողմը ձեռքբերումներ չունեցավ Անվտանգության խորհրդին դիմելով։

«Այս պարագայում եթե նույնիսկ հաջողվի ինչ-որ հայտարարություն պոկել, արդեն իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումները և հնչած հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի համար, Արցախի համար որևէ առանձնահատուկ բան դա չի նշանակելու: Ցավոք, պետք է արձանագրել, որ ի սկզբանե հստակ էր, որ քննարկումը պետք է տեղի ունենա Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվող Արցախն Ադրբեջան է կարգախոսի ներքո՝ այսպես կոչված ադրբեջանական Սահմանադրության շրջանակներում», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Այսօր Արցախի արտգործնախարարությունը հայտարարեց, որ ողջունում է նիստի անցկացումը, բայց հույս ունեն, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձևի ընդունմամբ, «որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որևէ նախապայմանի և այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներում»։

«ԱԽ անդամները կոշտ պահանջներ կներկայացնեն Բաքվին, միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը քաղաքական դաշտում դեմ գնա իրենց շահերին»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ Անվտանգության խորհրդի անդամները կոշտ պահանջներ կներկայացնեն Բաքվին, միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը քաղաքական դաշտում դեմ գնա իրենց շահերին։

«Քանի որ Բաքուն առայժմ պահում է այդ սահմանը և փորձում է խաղալ թե՛ Ռուսաստանի, թե՛ մյուսների հետ՝ չհատելով նրանց կարմիր գծերը, իրավիճակը, ցավոք սրտի, մնում է այդպիսին ու սա, բնականաբար, ամենաբարդ մարտահրավերն է, որ այսօր կա Հայաստանի ու Արցախի առաջ», - ասաց Բադալյանը:

Ինչ վերաբերում է արտգործնախարարության հայտարարությանը, թե ՄԱԿ-ի բարձր ամիբոնից ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակ է, քաղաքական մեկնաբանի կարծիքով, ԱԽ անդամները այսպես թե այնպես իրազեկված էին, թե ինչ էր կատարվում Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի նպատակը ոչ թե իրազեկումն էր այլ Լաչինի միջանցքում և Արցախի շուրջ իրավիճակի փոփոխությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG