Մատչելիության հղումներ

«Խելագարված վիճակ է, բան չկա սարքելու». Արցախում արդեն կաթնամթերքի լրջագույն խնդիր կա


Հացի հերթ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Հացի հերթ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող 10-ամյա Ռուսլան Խաչատրյանն արդեն մի քանի օր է ջերմում է. մի կերպ են ջերմիջեցնող հայթայթել, անհրաժեշտ վիտամիններով սննդի հույս անգամ չկա։

Խաչատրյանների բազմանդամ ընտանիքում հացը, շաքարը գրամ-գրամ է կիսվում 7 անչափահաս երեխաների միջև: Մայրը՝ Մարինեն պատմում է՝ հաշմանդամություն ունեցող երկու երեխաները մի փոքրիկ առավելության ունեն, եթե կաթնամթերքից մի բան տուն է մտնում, առաջինը նրանց են բաժին հանում։

«Արդեն չգիտեմ, խելագարված վիճակ, բան չկա սարքելու, որ ուտենք, չգիտեմ՝ ինչ սարքեմ, ոնց անեմ: Առավոտ պուճուրս պեսոկ ա ուզում, չկա», - ներկայացրեց Մարինեն:

«Կաթնատվությունը նվազել է շուրջ 40-50 տոկոսով». Արցախում կաթի արտադրամասերն այսօրվանից դադարեցնում են գործունեությունը

Լիակատար շրջափակումից 2 ամիս անց Արցախում այսօր արդեն կաթնամթերքի լրջագույն խնդիր կա։ Կաթի արտադրությունը կրճատվել էր դեռ ամիսներ առաջ, երբ անհրաժեշտ նյութերի ու տարաների ներկրումը դարձավ անհնար։ Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակից Զավեն Բաղրյանն ասում է՝ սրան էլ գումարվեց վառելիքի պակասը, ինչի հետևանքով տեղի կաթի արտադրամասերն այսօրվանից դադարեցնում են գործունեությունը։

«Վառելիքի դեֆիցիտի պատճառով հնարավոր չէ իրականացնել բավարար կերակուտակում, որի արդյունքում ունենք կաթնատվության նվազում շուրջ 40-50 տոկոս: Դանդաղորեն նկատվել է արտադրական ծավալների նվազում շուրջ 6-8 անգամ, իսկ այս անգամ ամբողջությամբ դադարեցված են տվյալ կազմակերպությունների գործունեությունը», - ներկայացրեց Բաղրյանը:

Ամիսներ շարունակ կաթի արտադրամասերի մոտ երկար հերթեր էին, մարդիկ ժամերով սպասում էին մի քիչ կաթնամթերք ձեռք բերելու համար, հիմա այդ հնարավորությունից էլ զրկվեցին։ Արցախի իշխանությունները որոշել են մինչև այս պահը հավաքված կաթը վաճառել տարբեր տեղամասերում։

8 ամիս շրջափակման, երկու ամիս էլ լիակատար պաշարման պայմաններում օրեցօր ավելի ու ավելի է սրվում տարբեր հիվանդություններ ունեցող քաղաքացիների բուժօգնության հարցը։ Զեմֆիրա Սողոմոնյանը շաքարային դիաբետ ունի: Ամեն օր ճնշումը բարձրանում է, դեղեր չկան, սնունդով կարգավորել չի ստացվում, ինչի պատճառով հաճախ գիտակցությունը կորցնում է, վերջին անգամ հացի հերթում էր:

«Արցախից դուրս չեմ գա, կմեռնեմ հենց այստեղ», - հուսահատ կինն «Ազատությանն» ասաց՝ ապրելու պայքարի համար ուժ չի մնացել։

«Չեմ կարում ման գամ, քիչ-քիչ գնում եմ, նստում, սիրտս հիվանդ ա: Ի՞նչ անեմ, դե կմեռնեմ, կմեռնեմ», - ասաց նա:

Պաշարված Արցախում 2 օր առաջ գրանցվեց սովամահության առաջին դեպքը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, դատաբժշկական եզրակացությունը վկայակոչելով, տեղեկացրել էր, որ Ստեփանակերտում 40-ամյա մի տղամարդ է մահացել քրոնիկ թերսնուցման հետևանքով։

Մինչ Արցախում ամեն օր հումանիտար աղետն էլ ավելի շոշափելի է դառնում, 22 օր է՝ Հայաստանից Արցախ առաջին անհրաժեշտության սնունդ ու դեղորայք տեղափոխող բեռնատարները շարված մնացել են Կոռնիձորում՝ Անդրբեջանի կողմից փակված անցակետի մոտ։

«Բացում» նախաձեռնությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մի խումբ քաղաքացիներ էլ կառավարության շենքի դիմաց էր հավաքվել

Զուգահեռ Երևանում «Բացում» նախաձեռնությունը ելքեր է փնտրում արդեն 2 ամիս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հավաքած չոր սննդի պաշարը Արցախ հասցնելու համար։ Արման Վարդանյանն ասում է՝ 24-ժամյա ռեժիմով հսկում են սնունդը՝ հավատալով, որ այն իր նպատակին կհասնի։

«Ինքը դինամիկ պրոցես է, թվում է, թե ակտուալ չի, բայց լավ էլ ակտուալ է: Երբ որ կանցնի այդ շրջափուլը, արդեն ուրիշ բան կդառնա ակտուալ, շատ հնարավոր է մենք սա թողնենք, զբաղվենք ուրիշ բանով, բայց էս պահին դեռ ակտուալ է», - ասաց Վարդանյանը:

Քաղաքացիների մեկ այլ խումբ էլ գործադիրի նիստին զուգահեռ կառավարության շենքի դիմաց էր հավաքվել։

«Արցախի քաղաքացիները դեռ ունեն ՀՀ քաղաքացիների անձնագրեր և Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը, ղեկավարությունը, ի դեմս նաև վարչապետի, պարտավոր են ապահովել այդ մարդկանց ապահովությունն ու կյանքի անվտանգությունը, որը վաղուց տեղի չի ունենում», - նշեց հավաքվածներից մեկը:

Այս ակցիայի մասնակիցներից Լիլիթ Քոչարյանն «Ազատությանը» փոխանցեց՝ միջազգային կառույցներից որևէ բան պահանջելուց առաջ պետական այրերի առջև պետք է հարցը բարձրացնել՝ ընդգծելով՝ Արցախի հայության անվտանգության երաշխավորը պետք է լինի Հայաստանը, ոչ թե այլ դերակատարներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG